Բարաք Օբաման Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ամերիկահայ համայնքին և համայն հայությանը ուղղված իր ապրիլյանքսանչորսյան վերջին ուղերձում ևս օգտագործեց հայերեն Մեծ Եղեռն ձևակերպումը` այն մեկնաբանելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություններ:
«Այսօր մենք հանդիսավորությամբ հիշում ենք Մեծ Եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունները, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկևկես միլիոն հայեր տեղահան արվեցին, կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին», – ասել է ԱՄՆ նախագահը` Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունում` շարունակելով. – «Հարգելով այն մարդկանց հիշատակը, ովքեր կրեցին 1915 թվականից սկսված այդ դժնդակ օրերի տառապանքները և պարտավորվում դասեր քաղել այդ ողբերգությունից, որպեսզի թույլ չտանք դրա կրկնությունը, մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին։ Այդպիսի անձանցից էր ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և օսմանյան ղեկավարությանը՝ փորձելով դադարեցնել բռնությունները: Մորգենթաուի և նրա նման անձանց ջանքերը առանցքային նշանակություն ունեն վայրագությունները կանխելու համար, իսկ նրա ժառանգությունը ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»:
Օբաման նաև ընդգծում է․ – «Այսօր լավ առիթ է ճանաչելու հայ ժողովրդի արտառոց տոկունությունը և հսկայական ներդրումը թե՛ միջազգային հանրությունում, և թե՛ ամերիկյան հասարակությունում։ Մենք հիշում ենք այն հազարավոր հայ փախստականներին, ովքեր տասնամյակներ առաջ նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում և ձևավորեցին համայնք, որը մեծապես խորացրել է այս ազգի կենսունակությունը և նշանակալի ձեռքբերումներ ունեցել բազմաթիվ ոլորտներում։ Այժմ էլ, երբ Հայաստանի հարավում բարդ իրավիճակ է ստեղծվել, մենք երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին՝ սիրիացի փախստականների առաջ իրենց գիրկը բացելու և իրենց երկրում շուրջ 17,000 փախստական ընդունելու համար»։
Կարդացեք նաև
Օբաման նաև ընդգծում է․ – «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Ես նաև տեսել եմ, թե ինչպես են ժողովուրդներն ու ազգերը հզորանում, և հիմքեր ստեղծում ավելի արդարացի և հանդուրժողական ապագային համար՝ ճանաչելով և հաշտվելով անցյալի ցավոտ եղելությունների հետ։ Մենք շարունակում ենք ողջունել բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել անցյալի այս մութ էջերին նոր լույս սփռելու ուղղությամբ՝ թուրք և հայ պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապը»։
«Այսօր մենք կանգնած ենք համայն աշխարհի հայության կողքին՝ վերհիշելով Մեծ Եղեռնի սարսափը և վերահաստատելով մեր նվիրվածությունը ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ Հայաստան կառուցելու գործին», – եզրափակել է ԱՄՆ նախագահը։
Մինչ 2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, միացել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոնգրեսական նախաձեռնությունների: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահի պաշտոնում իր հրապարակած ամենամյա ուղերձներում Օբաման այդպես էլ չի օգտագործել «ցեղասպանությունը» եզրույթը, փոխարենը գործածելով հայերեն «Մեծ Եղեռն» ձևակերպումը։
Արթուր Պապյան