Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի համար քառօրյա պատերազմն ու դրա արդյունքը սպասելի էր: «Այն, ինչ եղավ երկարատեւ տարիների ընթացքում 1994-ից սկսած հյուծիչ պատերազմի արդյունք էր»,- ասաց պարոն Կարապետյանը:
Անդրադառնալով ԼՂՀ կոնֆլիկտի շուրջ բանակցություններին՝ նա ամենամեծ խնդիրը համարեց այն, թե ինչպես ենք նստելու բանակցությունների սեղանի շուրջ. «Գնալու ենք, նստելու ենք, հարցը լուծելու ենք, բայց ինչպես ենք լուծելու: Ամենամեծ հարցն այն է՝ գնալու ենք թո՞ւյլ, խեղճացա՞ծ, անողնաշա՞ր վիճակում, թե՞ հզոր, մեր վերջնական նպատակներն իմացող մի պետություն, որը դեռ կմտածի՝ ինչպես է խոսելու, որտեղ է լինելու իր կարմիր գիծը: Տարեցտարի ՀՀ պետականությունը ներքուստ որոշակի նահանջում է, հասել ենք մի իրավիճակի, որ թշնամին էլ գիտի՝ իր համար մեզ սեղանի շուրջ նստեցնելու ճիշտ ժամանակը, միջազգային կառույցներն էլ, որոնց համար հետաքրքիր է ՀՀ-ից ինչ-որ բան կորզելը, գիտեն սեփական շահերից ելնելով մեզ պարտադրելը, դա ակնհայտ է»:
Ելույթով հանդես եկավ նաեւ Գարեգին Չուգասզյանը. «Այս մեկ տարվա ընթացքում այն բոլոր լոլոները, մեծախոսությունները, մսխումները կապված 100-րդ տարելիցի միջոցառումների հետ, հարյուր հազարավոր մարդկանց երթերը մի ուղղությամբ են գնում, մեր իրականությունն այլ ուղղությամբ: Եթե հետ նայենք, կտեսնենք հարյուր տարի առաջ էլ հայությունը ուշացումով նկատեց ու ըմբռնեց դարաշրջանի հեղափոխական էությունը եւ մեծ գին վճարեց դրա համար: Եղեռնի զոհերի ու կորուստների պատճառով էր, որ վերականգնեցինք իմաստությունը, որ պետք է ապավինենք մեր ուժերին, մեր ուժերի գերլարումն էր, որ հնարավորություն տվեց ապահովել մեր հայրենիքի տեղը 20-րդ դարում: Այսօր նույն խնդրի առջեւ ենք կանգնած:
Կարդացեք նաև
Այս ապրիլյան ագրեսիայից հետո ամբողջ ժողովուրդը ցնցված է, որի զավակներն իրենց մարմնով փակեցին այդ անվտանգության վակուումը, որն առաջացել էր: Մենք հասկացանք, որ արբած լինելով Արցախի ազատագրական առաջին պայքարով, հանդուրժել ենք այն գավառական փտածությունը, որը գալիս է 80-ականներից. ոչ միայն զենքեր գնեցին ու անամոթաբար խոսում են միայն այդ զենքերի մասին, այլեւ վարակեցին փտածությամբ անկախության ձեռքբերումը՝ ազգային բանակը… Այս մարտահրավերները ստիպում են ձեւակերպել գերխնդիր: Պետք է կարողանանք ապահովել մեր երկրի ու ժողովրդի տեղը 21-րդ դարում: Վճռական ռազմական հակահարված տալու կարողության ստեղծման մեջ, եթե ուժերի գերլարում չանենք ու չկարողանանք այսպիսի մասշտաբներով խնդիրները տեսնենք, չենք կարողանա դիմագրավել մարտահրավերներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ