Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարքունիքի մարզում արդեն օղիով կշտանում են». Բագրատյանը զգուշացնում է՝ խմող ռուսների օրն ենք ընկնելու

Ապրիլ 22,2016 21:10

Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախագիծ ներկայացրեց՝ «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:

Ըստ Հրանտ Բագրատյանի, գործող օրենքով ակցիզային հարաբերությունները ճիշտ չեն: Ստացվում է, որ ցորենից ստացվող օղին, որը կարող են թորելու հաջորդ օրը լցնել շշերն ու վաճառել, եւ 40 աստիճան թնդության սպիրտ է, սահմանված է  50 տոկոս, իսկ գինին, որն անցնում է ֆերմենտացիայի փուլ, սպիրտայնությունը 4 անգամ պակաս է, ավելի թանկ շշի մեջ է լցվում, գինու համար սահմանված է 10 տոկոս:

Ըստ Բագրատյանի, օղին այս տարբերակով դառնում է ավելի շահավետ խմիչք ու գինու սպառումն իջնում է: Ուստի իր նախաձեռնության միջոցով պարոն Բագրատյանը գտնում է, որ մի փոքր կթանկանա օղին, կէժանանա գինին, ինչի արդյունքում կշահի խաղողագործությունը:

Քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց՝ այդ ամենը ականջի համար շատ հաճելի է, բայց արդյունքը ի՞նչ է լինելու՝ դժվար է ասել: Հրանտ Բագրատյանն ասաց, որ ԵՄ շատ երկրներում ակցիզն ընդհանրապես հանել են, իսկ շշի համար ակցիզ կիրառելն ընդհանրապես ընդունված չէ:

Նախագծով հետաքրքրվեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ «Պիվի Հակոբը»: Սա այն բացառիկ դեպքերից էր, որ սկսեց հարցուփորձ անել: Վարդան Այվազյանն էլ ասաց, թե ընդամենը 10 դրամ է իջնելու գինու գինը, անում ենք՝ «հենա ղայդին» անենք:

Հրանտ Բագրատյանն էլ պատասխանեց. «Ես սենց եմ ընկալում՝ ղայդին անելը ցրելու մի ձեւ ա: Տիգրան Սարգսյանը եթե ասում էր՝ չէ, էս վարչապետն էլ ասում ա՝ եկեք ղայդին անենք ու չի անում: Ակնհայտ ռեֆորմատորական քայլը ասում եք՝ ղայդին անենք: Ղայդին ո՞նց անենք: Անենք, համաձայն եմ»:

Վարդան Այվազյանն էլ բացատրեց, թե որն է «ղայդինը». «Ղայդինն էն է, որ 2000 դրամանոց գինու շշից պակասեցնում ես 500 դրամ, է՛դ ա ղայդինը»:

Հրանտ Բագրատյանը համաձայնեց՝ է թող անեն: Բագրատյանն ու Վարդան Այվազյանը բանավիճեցին այս թեմայով:

Հրանտ Բագրատյանը դժգոհեց՝ Գեղարքունիքի մարզում արդեն օղիով կշտանում են. «Ուզում եմ հասկանաք, սկսում ենք խմացնել մեր ժողովրդին, ոնց որ Ռուսաստանում են անում»:

Այս մի հարցով պատգամավորները համաձայն էին: Տարեկան ՀՀ-ում սպառվում է 12 մլն լիտր օղի եւ ընդամենը 5 մլն լիտր գինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930