Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանի գնած բնակարանը՝ «SOS Գյումրի»-ն նվիրեց Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետի ընտանիքին

Ապրիլ 22,2016 21:03

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Արման Սահակյանը գյումրեցի անօթեւան ընտանիքներին տնակներից փրկելու Հայկ Բարսեղյանի հեղինակած «SOS Գյումրի» ծրագրին մի բնակարան էր նվիրել ու նախընտրել այն տրամադրել զինվորականի ընտանիքի: Այսօր պարզվեց, որ բնակարանը տրամադրել են հայրենիքի համար հերոսաբար նահատակված  33-ամյա փոխգնդապետի՝ Ալեքսան Առաքելյանի ընտանիքին:  Հիշեցնենք, որ գյումրեցի հերոսը  կնոջ ու իր երկու մանկահասակ զավակների հետ տեղափոխվել էր բնակության Արցախ ու հայրենի քաղաքում տուն չուներ: Թեեւ նա դիմում էր ներկայացրել պաշտպանության նախարարություն Գյումրիում բնակարան ստանալու ակնկալիքով: Կինը՝ Մերին, Ջեբրայիլի իրենց ծառայողական բնակարանը թողնելուց հետո բնակության էր տեղափոխվել ամուսնու հայրական տանը՝ ամուսնու ծնողների, եղբոր ընտանիքի, տարեց տատ ու պապի հետ: Երիտասարդ կինը չի էլ պատկերացնում, թե  ինչպես է մեծացնելու իր երկու երեխաներին:

Պետության փոխարեն, այսօր մեր հերոսի ընտանիքին բնակարան նվիրեց ԱԺ պատգամավորն ու «SOS Գյումրի» խումբը՝ այսպես հայտնելով իրենց երախտագիտությունը հայրենիքի համար կյանք տված փոխգնդապետին:

13007117_1013208038733064_4396254691453944352_n

Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, իր ֆեյսբուքյան էջում, տեղադրելով փոխգնդապետի ու նրա ընտանիքի նկարները, հայտնում է. «Լավ լուր Գյումրիից… Քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած գյումրեցի Ալեքսան Առաքելյանի ընտանիքը այսօրվանից նոր բնակարան ունի…

Ինչպես նախօրոք տեղեկացրել էին «SOS Գյումրի» ծրագրի համակարգողները, ծրագրի շրջանակներում ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը պատրաստակամություն էր հայտնել նվիրել մեկ բնակարան: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ « SOS Գյումրի» խումբը եւ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը համատեղ որոշում են կայացրել բնակարանը նվիրել Ալեքսան Առաքելյանի ընտանիքին: Հիմա Ալեքսանի ընտանիքը ժամանակավորապես ապրում է Ալեքսանի հայրական տանը, որտեղ բնակվում են 10 անձ: Համապատասխան փաստաթղթային ձեւակերպումներից հետո ընտանիքը կարող է տեղափոխվել նոր բնակարան»:

Նշենք, որ մեր հերոսը, կուրորեն սիրելով Արցախը, ասել է.«Ես չեմ կշտանա իմ Արցախից, սուրբ է այնտեղ ամեն բան…Ջեբրայիլում ավազի ամեն մի հատիկ ոսկի է, երբ այնտեղ շնչում եմ, օդը լրիվ թոքերիս հասնում է, գլուխս այնտեղ երբեք չի պտտվում, որ Գյումրի եմ գալիս, կիսատ եմ դառնում, որովհետեւ սիրտս մնում է այնտեղ՝ Ջեբրայիլում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930