Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհարկի շահարկվում է, թե Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչը Արցախում է ու չի զբաղվում հանգանակությամբ». Վահրամ Պողոսյան

Ապրիլ 22,2016 19:47

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն  արձագանքում է «Այլընտրանք Արցախի համար» հրապարակմանը:

Վահրամ Պողոսյանի խոսքով, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը չի համարվում որպես ծայրահեղ ընդդիմադիր կուսակցություն, Գերմանիայում այն համարվում է չափավոր ընդդիմադիր կուսակցություն. «Դա վկայում են նաեւ վերջին երկրամասային խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության ունեցած հաջողությունները: Մենք  դիտարկել ենք այդ կուսակցության գաղափարները եւ դրանց մեջ առանձնապես վտանգավոր տարրեր չենք հայտնաբերել: Առողջ գաղափարներով կուսակցություն ենք  համարում ու դա հաշվի առնելով՝ արդեն մեկ տարի է՝ համագործակցում ենք»:

Պարոն Պողոսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ՝ Արցախի  խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ եկել էր նաեւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատվիրակությունը ու այդ համագործակցության շրջանակում «Ազատ հայրենիք» կուսակցությունից Գերմանիայում մեկ ամիս առաջ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար էին հրավիրել:

«Այդ կուսակցությունն այն միակ կուսակցությունն է ամբողջ Եվրոպայում, որ կուսակցական մակարդակով արձագանքեց Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ քննադատեց Ադրբեջանի նախահարձակ գործողությունները, իսկ այդ ամենը անհրաժեշտ է գնահատել: Այդ շրջանակում էլ, մեր կուսակցությունների միջեւ կա առողջ համագործակցություն»,- շարունակեց Վահրամ Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության լսարանի առջեւ նախատեսված ԼՂՀ ներկայացուցչի՝ առաջիկա ելույթի վերաբերյալ քննադատությանը, պարոն Պողոսյանն ասաց. «Հարություն Գրիգորյանն Արցախում է աշխատանքային այցով, նա ուղեկցում է Գերմանիայի ձախերի ներկայացուցիչներին, որոնք եկել են Արցախում իրադարձություններին տեղում ծանոթանալու ու իմանալու՝ ինչ է կատարվում: Անհարկի շահարկում էր ԼՂՀ ներկայացուցչի անունը, թե իբրեւ նա այս պահին Արցախում է, չի զբաղվում հանգանակության հարցերով, այդ նկատառումը մեզ կասկածի տեղիք է տալիս, որ այդ նյութի մեջ կա ինչ-որ ուղղորդված քննադատություն Գերմանիայում Արցախի ներկայացուցչի նկատմամբ»:

Դիտարկմանը,  թե արդյոք չկա՞ մտահոգություն՝ չսեւացնել մասնավորապես ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ նախագահի բեռլինյան պաշտոնական այցի ընթացքում Գերմանիայում ձեռք բերած արդյունքները, պարոն Պողոսյանն ասաց. «Մենք չենք կիսում այդ մտահոգությունը: ԼՂՀ-ն այս կոնտեքստում առանձին հանրապետություն է, Գերմանիա կատարած Հայաստանի նախագահի այցն ու  ԼՂՀ իշխող կուսակցության  համագործակցությունը այդ երկրի որեւէ այլ կուսակցության հետ չի կարող մեկը մյուսի հետ կապ ունենալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930