Ապրիլի 20-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում:
Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականաշինության գործընթացի ու նրա պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետ կապված հարցերին:
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցի հայկական ուսանողական միության նախաձեռնությամբ և նվիրված էր Լեռնային Ղարաբաղին, ելույթով հանդես է եկել նաև Եվրասիական վերլուծությունների և հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը:
Արմեն Սահակյանն անդրադարձել է քառօրյա պատերազմին, այս հարցում Թուրքիայի ունեցած բացասական դերակատարությանը, իսլամական ծայրահեղականության և ահաբեկչական խմբերի հետ Ադրբեջանի ունեցած ուղղակի կապերին և տարածաշրջանային այլ հարցերին:
Կարդացեք նաև
Բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, քառօրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, Արցախում ընթացող զարգացումների, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցել են դպրոցի հայկական ուսանողական միության ներկայացուցիչներ, օտարերկրյա ուսանողներ, լրագրողներ, փորձագետներ, ամերիկահայ համայնքի անդամներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ