Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Տարածքների վերադարձի հարց չի կարող չլինել»

Ապրիլ 22,2016 19:20

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը կարծում է, թե տարածքների վերադարձի հարց չի կարող չլինել այն փաստաթղթում, որը պաշտոնական Մոսկվան առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման համար, քանի որ դա հիմնական խնդիրն է, որ Ադրբեջանին հետաքրքրում է:

Aravot.am-ի հարցին` ի՞նչ էր նշանակում այսօր Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հիշեցումը, թե «Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը», պարոն Ենոքյանը պատասխանեց. «Ցանկացած փաստաթղթի մեջ էլ պետք է լինի տարածքների վերադարձի հարցը, այլ տարբերակ չկա: Ամբողջ խնդիրն այն է` ինչ տարածքներ, ինչ մեծության, որ մասերում: Սրանք դետալներ են, որոնք մի փաստաթղթից մյուսը տարբերվում են»:

Մեր այն դիտարկմանը` Կազանի փաստաթղթի դրույթներում, որը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա, տարածքների հանձնմանը զուգահեռ դրված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը, պարոն Ենոքյանն արձագանքեց.«Դժվար է ասել, քանի որ կարգավիճակը բավականին բարդ ձևով է հստակեցվում. այն պետք է որոշվի հանրաքվեով, որը պետք է կայանա փախստականների վերադարձից հետո: Այսինքն`չափազանց  անորոշ է ձևակերպումը, և այդ առումով Կազանի փաստաթուղթը բավականին վատն է: Տարածքներ ենք վերադարձնում առանց իմանալու Ղարաբաղի կարգավիճակն ինչպիսին կլինի` դա թողնելով հեռավոր ու անորոշ ապագայի»:

Մեր այն հստակեցմանը` ի վերջո, Լավրովի հայտարարությունները մեզ ձեռնտո՞ւ են, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` ձեռնտու չեն, բայց եթե մեր իշխանությունները հիշում են Կազանի փաստաթուղթը և, ավելին, նշում, որ մինչև հիմա Ադրբեջանն է, որ ոչ մի փաստաթղթի չի համաձայնել, նշանակում է, որ նրանց վրա ազդող լրջագույն գործոններ կան, որոնք ստիպում են նրանց նման որոշման գնալ»: Ըստ պարոն Ենոքյանի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արագ հանգուցալուծումներ չպետք է սպասել:

Ըստ քաղաքագետի` թեև Լավրովը ռուս խաղաղապահների մասին այս ասուլիսում չի ակնարկել, բայց հետագա բանակցությունների ժամանակ կրկին կվերաբացվի խաղաղապահների հարցը: Լավրովի այցի նպատակներին անդրադառնալով` պարոն Ենոքյանը նշեց. «Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում հակամարտության լուծումը. Լավրովը հստակ ասաց, որ ՌԴ-ն ոչ միայն որպես ԵԱՀԿ համանախագահ է մասնակցում այդ գործընթացին, այլև իր ազգային շահերից ելնելով:  Ասուլիսում Լավրովը հակամարտությունը փորձեց կապել այլ  հակամարտությունների հետ. խոսում էր Գերմանիայի մասին, որ հետաքրքրված է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորմամբ: Նա, ըստ էության, ակնարկում էր ուկրաինական խնդիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930