Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Ինչ որոշ քննադատներ ասում են` դա շինծու և սին քննադատություն է»

Ապրիլ 22,2016 18:54

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսին

Բարև Ձեզ,

Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես տեղյակ եք, մենք շատ հաճախակի հանդիպումներ ենք ունենում, ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում և այլուր։

Այսօր պարոն Լավրովը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցելությամբ, առավոտյան արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Քիչ անց պարոն Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահը։

Այս այցելությունը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ վերջին շրջանում մեր երկրների բարձրագույն ղեկավարության շփումների առանցքը ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, դրա հետևանքների հաղթահարումը, ես կասեի՝ լայն իմաստով։

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված էր հենց այս հարցերին։

Ապրիլի 2-ի ադրբեջանական հարձակման առաջին վայրկյաններից ես կապի մեջ էի պարոն Լավրովի հետ, մեր շփումները շարունակական բնույթ են կրել։ Մենք հանգամանալից քննարկում ունեցանք նաև Մոսկվայում ապրիլի 8-ին։

Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին։ Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով և ամրապնդելով 1994-1995թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու նպատակով։

Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։

Հանդիպմանը մենք հանգամանալից քննարկեցինք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես քաղաքական օրակարգին, այնպես էլ մեր պաշտպանունակության բարձրացմանը։

Պարոն Լավրովի հետ քննարկեցինք հայ-ռուսաստանյան օրակարգի բազմաթիվ այլ հարցեր՝ առևտրատնտեսական փոխգործակցություն, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցություն։ Մենք մտքեր փոխանակեցինք հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ անդրադարձանք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Այժմ խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին: Խնդրեմ:

 

Հարց. Մի քանի օրից Բաքվում կայանալու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը: Հայտնի է, որ Հայաստանը բոյկոտում է այն: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է այս բոյկոտը և այս որոշումը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի անցկացմանն Ադրբեջանում, ապա դրա գումարումը մի երկրում, որտեղ ծաղկում են հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը կոչված է պաշտպանելու համամարդկային քաղաքակրթական բարձր արժեքներ: Կազմակերպել այդ ֆորումը մի երկրում, որտեղ այդ արժեքները ոտնահարվում են և կոպտագույն ձևով անտեսվում են. ինչպե՞ս կարող էր Հայաստանը մասնակցել այդ ֆորումին:

Գիտեք, որ արտգործնախարարությունը հայտարարություն հրապարակեց այդ կապակցությամբ: Մենք չենք կարող նաև պաշտպանել կոնսենսուսը, ինչ վերաբերում է ֆորումի եզրափակիչ հռչակագրին: Իհարկե, հնչում են տեսակետներ, որ ինչ-ինչ բացեր կգտնեն կանոնակարգի մեջ կամ, խախտելով այն, կփորձեն ընդունել այդ հռչակագիրը։ Կարծում եմ՝ դա որևէ կերպ չի բարձրացնի յոթերորդ ֆորումի հեղինակությունը:

Այսօր հայտնի է դառնում, որ շատ երկրներ, միջազգային կառույցներ իջեցրել են այդ ֆորումին մասնակցության մակարդակը։ Հույս կարելի է հայտնել, որ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մերժել այդ ֆորումին մասնակցությունը, բավարար համարձակություն կունենան, որպեսզի համապատասխան ձևով արտահայտվեն, քննադատեն այդ երկրում հայատյացության, այլատյացության, անհանդուրժողականության դրսևորումները, այն բարբարոսությունները, որոնք իրականացվեցին ֆորումի անցկացման վայրից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ։ Համապատասխանաբար, այդ ֆորումը կարող է դառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, տարրական քաղաքակրթական, համամարդկային արժեքների դեմ դրսևորումների քննադատման հարթակ:

Հարց. Հարցս երկու նախարարներին է ուղղված: Պարոն Լավրով, ռուսական լրատվամիջոցներում, հղում անելով և Կրեմլի, և Ռուսաստանի արտգործնախարարության իրենց աղբյուրներին, հրապարակումներ եղան, որ և Հայաստանը, և Ադրբեջանը մերժել են Կազանի փաստաթուղթը: Խնդրում եմ ասել՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ:

Երկրորդ հարցս պարոն Նալբանդյանին. պարոն նախարար, կարծիքներ հնչեցին, որ ապրիլյան պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո, արտգործնախարարությունը և անձամբ նախարարը հայտնի չէ, թե ինչով էին զբաղվում: Խնդրում եմ Ձեր տեսակետն այս մասին:

Էդվարդ Նալբանդյան. Մինչ ինձ վերաբերող հարցին պատասխանելը կցանկանայի ասել, որ, փաստորեն, իմ ռուսաստանցի գործընկերը հաստատեց, որ Հայաստանը չէ, որ մերժել է Կազանը, այլ Ադրբեջանն է մերժել: Այդ նույն քայլն Ադրբեջանն արեց նաև Կազանից առաջ, ինչպես ես բազմիցս ասել եմ, Սոչիում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում և այլն: Եվ այդպես կարող ենք հասնել Կազանից տասը տարի առաջ՝ նաև Փարիզում: Իրականությունը սա է:

Ինչ վերաբերում է քննադատություններին. եթե այդ քննադատները կարծում են, որ բոլոր քայլերի մասին, ինչ որ անում են արտգործնախարարությունը, հայ դիվանագետները պետք է մենք հրապարակենք, ապա հեռու են դիվանագիտության էությունից, մեր աշխատանքի բնույթի ընկալումից:

Խոսքն այստեղ ինչ-որ գաղտնիքներ բացելու կամ փակելու մեջ չէ։ Ուղղակի ավելի արդյունավետ աշխատանքի մասին է խոսքը: Եթե այդ նույն քննադատները նայեն արտգործնախարարության կայքէջը, ապա գոնե այն մասով, ինչ որ հրապարակված է, կտեսնեն, որ, ինչպես դուք ասում եք, իրադարձություններից առաջ, ընթացքում և հետո՝ երկու օր առաջ՝ մարտի 30-ին, ես Ժնևում ելույթ ունեցա Սիրիայի փախստականներին նվիրված՝ արտգործնախարարների հանդիպմանը, մարտի 31-ից ապրիլի 2-ը միացա Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությանը, ապրիլի 3-ին արդեն Երևանում ընդունում էի մի քանի պատվիրակություններ, ներառյալ նաև՝ Կնեսեթի պատվիրակությանը, ապրիլի 4-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ էի հանդիպում, ապրիլի 5-ից 7-ը Բեռլինում էի Նախագահի հետ՝ պաշտոնական այցի ընթացքում, ապրիլի 8-ին արդեն Մոսկվայում հանդիպում էի Լավրովի և Բորդյուժայի հետ, ինչպես նաև ԱՊՀ արտգործնախարարների հանդիպմանն էի մասնակցում, ապրիլի 9-ին Երևանում ընդունում էի եռանախագահողներին, դրանից հետո՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին, որից հետո՝ այցելություն Պեկին և այլն:

Այդ ընթացքում նաև մոտ չորս տասնյակ հեռախոսազրույցներ են կայացել, որոնք նվիրված են եղել հենց այս իրադարձություններին, այս ճգնաժամին: Եվ, ինչպես ասացի, այս ագրեսիայի սանձազերծումից հետո առաջին վայրկյաններից առաջին կապը հաստատվել է հենց արտգործնախարար Լավրովի հետ, շարունակվել նաև տարբեր երկրների, տարբեր միջազգային կառույցների իմ այլ գործընկերների հետ:

Սա միայն արտգործնախարարի մասով: Բայց մեծ ծավալի աշխատանք է կատարվում մեր դիվանագետների՝ թե արտգործնախարարության կենտրոնական ապարատի, թե դեսպանությունների կողմից:

Կառուցողական քննադատություններին մենք լրջորեն ենք մոտենում, փորձում ենք շտկել բացթողումները: Բայց այն, ինչ Դուք եք մեջբերում, ինչ որոշ քննադատներ ասում են, ապա դա շինծու և սին քննադատություն է:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930