Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Լավրովը հիշեցրեց, որ «Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը»

Ապրիլ 22,2016 18:13

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վստահեցնում է, որ տարածքների հանձնման խնդիր երբեք չի եղել, այն չի ծագել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից հետո:

Aravot.am-ի հարցին, այն, որ պարոն Լավրովը ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հիշեցրել էր, որ «ՀՀ-ն չի մերժել Կազանի» փաստաթուղթը», դա չի՞ նշանակում, որ ՌԴ-ն միտված է ԼՂ հակամարտության լուծման` մադրիդյան սկզբունքների տարբերակին, որտեղ 3-րդ կետով ամրագրված է` «Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից», հետևաբար հանրության` ԼՂ ազատագրված տարածքների հանձնելու վերաբերյալ մտահոգությունները տեղին են, պարոն Զաքարյանն այսպես արձագանքեց. «Տարածքների հանձնման մասին երբեք խոսք չի եղել: Խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի առաջնայնության հարցն է: Մինչև այդ կարգավիճակը չհստակեցվի, չլինեն համապատասխան երաշխիքներ, խնդիրների մասին խոսելն անիմաստ է»:

Artak_Zaqaryan_1

Ըստ պարոն Զաքարյանի` Լավրովի հիմնական ուղերձն էր վերադառնալ խաղաղ կարգավորման հուն, որ նոր հրադադարի համաձայնության անհրաժեշտություն չկա, քանի որ ունենք անժամկետ հրադադարի համաձայնագիր, որը 1994-95-ից կնքվել ու վերահաստատվել է կողմերի միջև և այն, որ խնդիրը չունի ռազմական լուծում, և ամեն ինչ պիտի անենք, որ Ադրբեջանին վերադարձնենք խաղաղ կարգավորման դաշտ»:

Մեր այն դիտարկմանը, թե ըստ որոշ վերլուծաբանների` Լավրովի այցով հող է նախապատրաստվում նաև ռուս խաղաղապահների` Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղակայելու համար, պարոն Զաքարյանը հորդորեց այդ հարցով դեռ չանհանգստանալ. «Այսօր վաղ է դրա մասին խոսելը: Ամենակարևոր խնդիրը կարգավիճակի հստակեցման և ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքների ապահովման հարցն է: Իսկ կարգավիճակը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա»:

Armen_Martirosyan

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ի տարբերություն ՀՀԿ-ական գործընկերոջ, լուրջ մտահոգություններ ունի և չի կարծում, որ Լավրովի հայտարարությունները հօգուտ մեզ էին. «Լավրովի հայտարարություններում միակ առարկայական պահն այն էր, որ 1994-ի հրադադարով պիտի առաջ շարժվենք: Բայց նույնիսկ դրանով էլ չենք շարժվում, քանի որ այս պահին մեր իշխանությունների պատճառով մի քանի կարևոր դիրքեր հյուսիսում ու հարավում գտնվում են Ադրբեջանի ձեռքում: 1994-ին էլ էր հրադադար` թղթով, թանաքով ու կնիքով, բայց տեսնում ենք, որ տարիներ շարունակ այդ հրադադարը չէր աշխատում»:

Պարոն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ իրենք միշտ էլ դեմ են եղել մադրիդյան սկզբունքներին ու շեշտեց. «Որևէ կերպ չի կարելի այս իրավիճակում որևէ տարածք վերադարձնել Ադրբեջանին, որ դրանք էլ պլացդարմ հանդիսանան նրա` հետագա հարձակումների համար: Իսկ Կազանի փաստաթուղթը, ըստ էության, մադրիդյան տխրահռչակ սկզբունքների արտացոլումն է»:

Այս առիթով նա զուգահեռներ տարավ Ուկրաինայի հետ, որտեղից հանեցին միջուկային զենքը, ինչը այդ երկրի անվտանգության թիվ մեկ երաշխիքն էր, ու ինչ եղավ դրանից հետո. «Նույնը մերն է. ունենք ազատագրված տարածքներ ու կարողություն նորից ազատագրելու, ուրեմն մեզ համար ամենամեծ երաշխիքը դա է, չունենք տարածքներ, նույնիսկ, եթե կարողություն ունենք պաշտպանական գործողություններ անելու, միևնույն է, մեզ վրա ծանր է նստելու: Ազատագրված շրջանները ռազմավարական շրջաններ են ոչ միայն Արցախի հետ կապված, այլև Հայաստանի: Չեմ կարծում, որ Մեղրիի մի փոքր միջանցքը և Սյունիքի այդ նեղ հատվածը, որը երկու կողմից կարելի է հեռահար հրանոթներով ծածկել, անվտանգության երաշխիքներ են»:

Մեր այն հիշեցմանը, թե իշխող կուսակցության ներկայացուցիչները հորդորում են տարածքների վերադարձի մասին չմտահոգվել, քանի որ նախ Ղարաբաղի կարգավիճակի հարց պետք է լուծվի, պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվել է 1994-ին հազարավոր հայ տղաների, աղջիկների կյանքի գնով: Եթե խոսքը միջազգային ճանաչման մասին է, ապա այս 25 տարիների ընթացքում այդ հարցը միշտ էլ բարձրացվել է, ու եթե կառավարման համակարգը ոչ թե միտված լիներ իշխանությունը պահելուն, պետական ռեսուրսները յուրացնելուն, մենք էլ, առաջադեմ երկրներն էլ ԼՂՀ-ն կճանաչեին»:

Եզրափակելով՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Երևի իշխող կուսակցության ներկայացուցիչները մոռացել են Շուշիի, Բաքվի կրկնակի ջարդերը: Որոշակի ժամանակ հետո կտեսնենք, որ ընդամենը անվտանգության թուղթ ունենք մեր ձեռքին, ուրիշ ոչինչ: Մեզ ձեռնտու չեն մադրիդյան սկզբունքները` ինչ կերպ ներկայացված էլ լինեն` Կազանի փաստաթղթով, թե այլ կերպ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930