Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թմրամիջոց գործածողները հեռացվում են մեթադոնային բուժումից` թմրամիջոց օգտագործելու համար

Ապրիլ 22,2016 17:57

Երկու տարի մեթադոնային փոխարինող բուժում ստացող ու ՄԻԱՎ-ով ապրող Կարենին (անունը փոխված է նրա ցանկությամբ) հեռացրին ծրագրից, երբ դեղաչափը հասցվել էր միջին դոզայից բարձրի` 70մգ-ի:

Մեթադոնային փոխարինող բուժումը (ՄՓԲ) իրականացվում է ափիոնատիպ թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց շրջանում: Մեթադոնը գործարանային արտադրության, օրինական թմրամիջոց է, որը բուժական դեղաչափով չի առաջացնում կողմնակի ազդեցություններ ու ոչ ադեկվատ երևույթներ, այն ընդունվում է ներքին (պերօրալ) ճանապարհով, և մեթադոնի օգնությամբ հնարավոր է նվազեցնել կամ բացառել ապօրինի թմրամիջոցի գործածումը: Մեթադոնի բացակայությունը ընդունողին հասցնում է ծանր ու երկարատև զրկանքի:

Կարենի հետ զրուցելու ժամանակ նա արդեն երեք օր մեթադոն չէր ստացել, գտնվում էր արտահայտված զրկանքի վիճակում և անորոշության մեջ էր: Ուզածը` բուժումը վերականգնելն էր, հակառակ դեպքում ստիպված էր թմրամիջոց հայթայթել, ամենահասանելին` բենզինի միախառնումով:

«Բռերով դեղ եմ խմում: Գնալով ավելի եմ վատանում: Ի՞նչ անեմ, բենզին անե՞մ: 70-ի վրից բենզին անեմ, ի՞նչ դառնամ, բո՞մժ, ատամներս փչացած, ես բենզին անեմ չանս կթափի: Ես աշխատում եմ, ես ամեն օր գործի եմ գնում, գործի տեղը չեն ասի՞, էս ո՞վ ա, անջատված ամեն օր գալիս ա գործի»,- ասում էր Կարենը:

Ավանի Նարկոլոգիական կլինիկայի թմրաբանները Կարենի բուժումը դադարեցրել էին տոքսիկոքիմիական հետազոտության արդյունքում հայտնաբերված ափիոնային խմբի թմրամիջոցներ հայտնաբերելու պատճառով (անալիզներում մեթադոնից զատ այլ թմրամիջոց էին գտել):

Թեև Կարենը հերքում է, որ այլ թմրամիջոց է գործածել, սակայն «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի փորձագետ Հովհաննես Մադոյանի պնդմամբ, այլ թմրամիջոցների օգտագործումը ՄՓԲ-ից հանելու հիմք չէ, քանի որ թմրամիջոցների նկատմամբ հակումը հիվանդության սիմպտոմն է: Թմրամիջոց օգտագործելու համար ՄՓԲ-ից հեռացնելը նա համեմատում է դիաբետ ունեցող մարդուն քաղցր ուտելու համար ինսուլինից զրկելու կամ թոքաբորբով հիվանդի բուժումը հազալու համար ընդհատելու կամ ծխող մարդու ուռուցքը ծխելու պատճառով չբուժելու հետ.

«Նման բան անող բժիշկները սադիստ են»,-ասում է Մադոյանը, -Ծրագրից հանել են առանց դեղաչափն իջեցնելու, մարդն ուժեղ զրկանք է ունենալու: Էդ [մեթադոնային] բուժումը Հայաստանի նարկոլոգները չեն հորինել: Էդ բուժումը միջազգային ճանաչված եղանակ է, որն առաջարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որն ունի ուղեցույց, թե բուժումը ոնց են իրականացնում ու էդ ուղեցույցում գրած է, որ հիվանդի ցանկությանը հակառակ բուժման ընդհատումն արվում է միայն էն դեպքում, երբ սպառնում է վտանգ ծրագրի անձնակազմին»:

Նարկոլոգիական կլինիկայի ՄՓԲ ծրագրի համակարգող Վաչե Մկրտչյանի կարծիքով, հիվանդին պետք է հեռացնել ծրագրից, եթե նա պարբերաբար շարունակում է օգտագործել այլ թմրամիջոց: Նա ցույց է տալիս հիվանդի ու կլինիկայի միջև համաձայնագրի կետը, որով թմրամիջոց օգտագործողը պարտավորվում է ՄՓԲ-ի ընթացքում այլ թմրադեղեր չգործածել:

Երբ անալիզների մեջ առաջին անգամ են այլ թմրամիջոց հայտնաբերում, չեն հեռացնում. ծրագրի աշխատակիցները հիվանդի հետ բացատրական աշխատանքներ են տանում կամ դեղաչափն են բարձրացնում` ենթադրելով, որ գուցե մեթադոնի նվազ լինելն է այլ թմրամիջոցների նկատմամբ ցանկություն առաջացնում, բայց եթե հետագայում նորից են հայտնաբերում, հեռացնում են. «Որովհետև էդ բուժումը, ինչ-որ դրված է մեթադոնային փոխարինման բուժման հիմքում` դադարացնել կամ նվազեցնել ափիոնային թմրամիջոցների չարաշահումը, էդ խնդիրը ինքը չի լուծում: Նշանակում է` տվյալ հիվանդի համար արդյունավետ չի», – ասում է Մկրտչյանը` նշելով, որ Կարենի դեպքում, երեք անգամ են այլ նյութեր հայտնաբերվել:

ՄՓԲ-ի ժամանակ այլ թմրամիջոցներ օգտագործելու համար ծրագրից հեռացնելը ամրագրված է նաև ՀՀ առողջապահության նախարարության մեթադոնային բուժման ուղեցույցում: ՄՓԲ-ն Հայաստանում ներդրվել է 2009թ, սակայն ուղեցույցը մշակվել է դրանից երեք տարի առաջ` 2006թ.: Մադոյանի պատմելով, երբ մշակվում էր ուղեցույցը, ոչ ոք փորձ չուներ ու այն ժամանակվա համար գուցե նորմալ էր. «Էս խնդիրների հետ չէինք առնչվում: Ենթադրվում էր, որ բժիշկը ժպիտը էրեսին իրա հիվանդին չի ասելու` գնա վաղը լոմկա (զրկանք) ունեցի»: Ծրագրի ֆինանսավորող Գլոբալ հիմնադրամը, խորհուրդ է տալիս առաջնորդվել ԱՀԿ ուղեցույցով, որով շարժվում են արևմտյան երկրները և որտեղ անալիզի «կեղտոտ» լինելը հեռացման պատճառ չէ:

Տոքսիկոքիմիական անալիզ վերցնելու նպատակը հիվանդին պատժելը չէ, բացատրում է Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ Սուրեն Նազինյանը, որը նույնպես ժամանակին եղել է ՄՓԲ-ի համակարգող: Նրա պնդմամբ, անալիզ վերցնելու նպատակը հետագա բուժումը պլանավորելու համար է, օրինակ` դեղաչափի կարգավորումը կամ հիվանդի հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնելը․

«Խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում մեթադոնային բուժման ծրագրի միակ ու կարևորագույն նպատակն այն չի, որ հիվանդը ընդհանրապես զերծ մնա թմրամիջոց գործածելուց»,- ասում է Նազինյանը,-«համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վերջին 50 տարվա ընթացքում մեթադոնային փոխարինող բուժման ծրագրերով մեծամասամբ չի ստացվում առհասարակ բացառել, զրոյացնել թմրամիջոցի օգտագործումը հիվանդի մոտ: Մեթադոնային բուժման հիմնական նպատակը վնասի նվազեցումն է, հնարավորինս նվազեցնել թմրամիջոցի գործածման դեպքերը, իսկ այդ ուղղությամբ միայն մեթադոն տալով չեն աշխատում, այդ ուղղությամբ նաև հոգեբանական, սոցիալական աշխատողի գործառույթներ կան, որոնք շատ կարևոր են»:

Ծրագրով նախատեսված հոգեբանի հաստիքն առկա է, աշխատող էլ ունեն կլինիկայում, սակայն Կարենի ասելով, իր հետ երբեք հոգեբան չի աշխատել ու երբևէ չի տեսել հոգեբանի. «Ընդե դռան վրա մի էրկու անգամ տեսել եմ` գրած ա` հոգեբան` էս ինչ, էս ինչ օրերին կա, բայց ո՞վ ա, ի՞նչ ա, ի՞նչ ա անում, չեմ էլ տեսել, էս էրկու տարվա մեջ չեմ տեսել ով ա»:

Մկրտչյանն ասում է, որ հիվանդը պետք է դիմի հոգեբանի կամ սոցիալական աշխատողի օժանդակությունը ստանալու համար, իսկ Կարենը չէր դիմել:

Մեթադոնի ծրագրից դուրս մնալը միայն հիվանդի վրա վատ չի անդրադառնում: Ե´վ Մադոյանը, և´ Նազինյանը մատնանշում են այն հետևանքները, որ կարող են բացասաբար անդրադառնալ թե՛ հիվանդի և թե՛ հասարակության վրա: Նախ` վարակի փոխանցման խնդիր կա. մեթադոն ստացողը, եթե այլ թմրադեղ է ներարկում, ապա` ստերիլ ներարկիչով, իսկ եթե մեթադոն չի ստանում, զրկանքը թույլ չի տա նոր ներարկիչ փնտրել` համ ինքը ուրիշի ներարկիչով կարող է ներարկվել, համ իրենը ուրիշին փոխանցել, այսպիսով` ՄԻԱՎ կամ Հեպատիտ C վարակի փոխանցման առումով վտանգավոր է դառնում:

Մյուս խնդիրը հանցավոր ճանապարհով թմրադեղ հայթայթելն է: Երբ հիվանդը ստանում է մեթադոն, սև շուկայից այլ թմրամիջոց գտնելու համար գողություն չի անի, քանի որ այլ թմրամիջոցի պահանջը ոչ թե միայն զրկանքով է պայմանավորված, այլ էյֆորիկ վիճակի մեջ ընկնելու ցանկությամբ. «Եթե նույնիսկ մեկ-մեկ էդ քայլին դիմում ա, շատ շատ շատ շատ ավելի հազվադեպ, ձեռը փող ընկավ անում ա»,- ասում է Մադոյանը:

Մկրտչյանն ասում է, որ ՄՓԲ ծրագրից հանելը բուժումից զրկել չի նշանակում: Դրա փոխարեն այլ` դետոքսիֆիկացիոն բուժում է առաջարկվել, որի ժամանակ հիվանդը 7-10 օր պառկում է հիվանդանոցում: Մկրտչյանն այս բուժման արդյունավետությունը հաստատելու համար օրինակ է բերում իր հիվանդներից մեկին, որը 2009թ. մինչ օրս ափիոնի խմբի թմրամիջոց չի օգտագործել:

Նազինյանի համոզմամբ, դետոքսիֆիակցիոն բուժումը արդյունավետ չէ, և 95% դեպքերում անձը կարճ ժամանակ անց վերսկսում է թմրամիջոցի գործածումը: Բացի այդ, դետոքսիֆիկացիոն բուժմանը պետք է հաջորդի վերականգնողական աշխատանք, որը Հայաստանում չի իրականացվում, Նազինյանի տվյալներով, իրականացվելու դեպքում, բուժման արդյունավետությունը լավագույն դեպքում հասնում է 30%-ի: Դետոքսիֆիկացիոն բուժումն իր արդյունավետությամբ (այդ թվում՝ նաև ծախսարդյունավետությամբ) էականորեն զիջում է փոխարինող բուժմանը և այդ մասին ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների՝ ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից բազմաթիվ անգամ առաջարկություններով, ուղեցույցներով, այլ հրապարակումներով բարձրաձայնվել է:

Երբ հիվանդին նշանակվող մեթադոնի դեղաչափը հասցվել է օրական 70մգ, Նազինյանն ասում է, որ հավանականությունը շատ մեծ էր, որ մեթադոնային բուժման ընդհատումից հետո դետոքսիֆիկացիոն բուժումը չէր կարող արդյունավետ լինել. «Մեթադոնային զրկանքը վերացնել դետոքսիֆիկացիոն բուժման ժամանակ նշանակվող դեղամիջոցներով` դիազեպամով, տրամադոլով և նեյրոլեպտիկներով նորմալ չէ: Իհարկե, հիվանդի անհատական հատկանիշներից էլ է շատ բան կախված, բայց վստահ եմ՝ մեծամասնության դեպքում անիմաստ է: Հիվանդը զուտ իր մոտ առկա ափիոնային տանջալից զրկանքի ժամանակ ի հայտ եկող ծանր ախտանիշների և ափիոնատիպ նյութերի նկատմամբ արտահայտված հիվանդագին հակման պատճառով կգերադասի գնալ և ապօրինի թմրամիջոց հայթայթել և գործածել, ոչ թե կփորձի մեթադոնային զրկանքից դիազեպամով դուրս գալ»:

Կարենը, որի անկայուն վիճակը բերել էր նաև ՄԻԱՎ-ից` հակառետրովիրուսային բուժման ընդհատման, դետոքսիֆիկացիոն բուժումը նախընտրեց թմրադեղեր գործածելուց: Հեռացման 4-րդ օրը վերադարձավ կլինիկա ու մի քանի ժամ անց, չդիմանալով մեթադոնային զրկանքին ու նշանակված դեղերի ազդեցությանը, կտրեց երակները:

Հիվանդանոց տեղափոխելուց հետո, Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանի միջնորդությամբ Կարենը վերադարձվեց ՄՓԲ ծրագրին, բայց ի՞նչ կլինի հետո, եթե կրկին այլ թմրամիջոց գործածի:

 

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովհաննես Մադոյան says:

    Մի քանի դիտարկում հարգելի բժիշկ Մկրտչյանի ասածների վերաբերյալ.
    1. Գործող ՄՓԲ ազգային ուղեցույցը և հիվանդի կողմից ստորագրված համաձայնագիրը չեն պարտավորեցնում հիվանդին հեռացնել բուժման ծրագրից: Ընդհանրապես ոչ մի կարգավորող փաստաթուղթ նման պարտականություն չի դնում բժշկի վրա: Դրա փոխարեն կան փաստաթղթեր որոնք պարտավորեցնում են բուժել: Բուժման ընդհատման հարցը թողնված է բժիշկի հայեցողության վրա:
    2. ՄՓԲ արդյունավետությունը չի որոշվում այլ հոգեներգործուն նյութեր օգտագործելով կամ չօգտագործելով: Դրա որոշման համար գնահատվում է պացիենտների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վիճակը` հատուկ ուղեցույցով: Հայաստանում դա չի արվում:
    3. 2009 թվականին մեթադոնային ծրագրից դուրս եկած մեկ հիվանդով չի որոշվում բուժման եղանակի լավ կամ վատ լինելը: Համոզված եմ, որ ոչ մեկս, այդ թվում և նարկոլոգիական կլինիկայի բժիշկները, ցանկացած հիվանդության դեպքում չենք համաձայնվի բուժվել միայն եզակիներին օգտակար եղած եղանակով:
    Եվ այլն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930