Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը քննիչին ասել է.«Թքած ունեմ քո կարծիքի վրա» (Տեսանյութ)

Ապրիլ 22,2016 17:40

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատարանը շարունակեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Վալերի Պերմյակովին հարցաքննող քննիչը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էր Պերմյակովը այդպես ուզում լքել Գյումրին, զինվորական ծառայությունը ու վերադառնալ Չիտա, կա՞ արդյոք լուրջ պատճառ, ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել ծառայակից ընկերների հետ ու ռազմաբազայից որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է զինծառայողների հոգեվիճակով: Վալերի Պերմյակովը ի պատասխան նշում է, որ իրենցով միայն մի անգամ հետաքրքրվել է հոգեբանը, դաշտային ծառայության անցնելուց առաջ վերջինս հարցրել է, թե նորմա՞լ է ամեն ինչ: Ինքը ոչ մեկին չի ասել ծառայությունը թողնելու ու Չիտա վերադառնալու մտադրության մասին, իսկ ծառայակիցների հետ եղել է նորմալ հարաբերությունների մեջ, խնդիրներ չի ունեցել, նրանց հետ չի վիճաբանել, նրանք իրեն չեն ծեծել, չեն վախեցրել, չեն սպառնացել:

Հարցին՝ ի՞նչ հանգամանքներում է թողել դաշտային ծառայությունը, Պերմյակովը պատմում է, որ սվին-դանակի օգնությամբ կտրել է մետաղալարը, լքել է պոստը ու անցել է շենքերի ուղղությամբ, որպեսզի գնա հասնի Չիտա:

«Զենքի օգնությամբ ուզում էի քաղաքացիական հագուստ ճարել, ես գիտեմ, որ ոչինչ հենց այնպես չի տրվում, չէի պլանավորել, թե ինձ ինչքան դրամական միջոցներ են հարկավոր: Ես չէի ցանկանում վերադառնալ զորամաս, մտածում էի, որ կմեկնեմ Չիտա, ինձ ոչ ոք չի գտնի այնտեղ: Ինձ հայտնի չէ, թե ես Գյումրիի որ փողոցներով եմ շարժվել, Գյումրիում իմ տեղաշարժման ժամանակ ոչ մեկին չեմ սպառնացել: Նկատեցի, որ սեփական տներից մեկի դարբասը բաց էր, այդ տան հասցեն ինձ հայտնի չէր, մտածեցի, որ այդ տանը ոչ ոք չկա, որոշում կայացրեցի մուտք գործել, դրամական միջոցներ հայթայթել: Մինչեւ մուտք գործելը ես հանեցի ինքնաձիգը», -ասում է Պերմյակովը:

Այնուհետ նա նկարագրում է Ավետիսյանների տան սենյակների դիրքը, կահավորանքը, նշում, թե տան որ անդամը որտեղ էր գտնվում: Նա, առաջին սենյակում սպանելով տան աղջկան, անցնում է առաջ, քննիչին իր գործողության տրամաբանությունը բացատրում է այսպես. «Մտնելով երկրորդ սենյակ՝ հասկացա, որ ստիպված եմ նրանց նույնպես սպանել»:

Ըստ Պերմյակովի, երկրորդ սենյակի տղամարդը (խոսքը տանտիրոջ՝ Սերյոժա Ավետիսյանի մասին է), հայերեն ինչ-որ բաներ է գոռացել:

Պերմյակովը սառնասրտորեն պատմում էր նաեւ երրորդ սենյակում կատարած իր ոճրագործության մասին, նշում է, որ մի կին կար այնտեղ (խոսքը տան հարսի մասին է) զանգահարում էր բջջային հեռախոսով, նրան մի քանի անգամ կրակելուց հետո, պատուհանի տակ նկատել է շարժում, տեսել է մահճակալ, որի մեջ կանգնած է երեխա, մի քանի կրակոցներ էլ նրա վրա է արձակել:

Այնուհետ, ըստ նրա, լսել է գոռգոռոցներ, մահճակալի մեջ տեսել է մանկահասակ երեխայի, շարունակել է կրակել, սակայն կրակոցները չեն արձակվել, ու ինքը երեքից ոչ պակաս անգամ նրան հարվածել է սվին-դանակով:

Այդ սենյակի պահարանից վերցրել է հագուստ, այնուհետ բջջային հեռախոսներ, երկրորդ սենյակում կախված պայուսակի միջի դրամապանակից էլ գումար ու հեռացել է: Սակայն, ըստ Պերմյակովի, Ավետիսյանների տնից դուրս գալուց, ինքը տեսել է մի տղամարդու՝40-50 տարեկան, բայց նրա հետ չի հաղորդակցվել:

Քննիչի հարցին, թե Ավետիսյանների տանը արժեք ներկայացնող իրեր տեսե՞լ է, Պերմյակովը նշում է, որ չի տեսել նման բան, միայն պլանշետ է տեսել, որի կարիքը ինքը չուներ, որ վերցներ:

Հարցին ինչո՞ւ չէր ներկայանում իրավապահներին սպանություն կատարելուց հետո, Պերմյակովը նշում է, որ վախենում էր պատասխանատվությունից:

Պերմյակովը նախաքննական ցուցմունքում նշում է նաեւ, որ Հայաստանում բնակվող հարազատներ չունի, ունի մորաքույր, որը բնակվում է ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում, նրա երեխաների հետ շփվել է «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբան Միհրան Պողոսյանը ուշադրություն է հրավիրում հետեւյալ դրվագի վրա. երբ քննիչը հարցրել է Պերմյակովին. «Նշում եք, թե շարժառիթը եղել է գումար ու հագուստներ վերցնելը, սակայն ձեր այժմյան հանգիստ կեցվածքը վկայում է, որ այլ շարժառիթ է եղել, կարո՞ղ է ատելությունը կամ այլ շարժառիթ է եղել», Պերմյակովը պատասխանել է՝ «թքած ունեմ կարծիքիդ վրա»: Փաստաբանի ասելով, սա եւս վկայում է այն մասին, որ անձը լուրջ խնդիրներ ունի, որոնք, սակայն, մեղսունակությունը բացառող հանգամանքների չեն հասցնում:

Փաստաբանը նշում է, որ Վալերի Պերմյակովի երեւակայության արդյունքն է ցուցմունքում նշված այն դրվագը, որ ինքը, հայ-թուրքական սահմանի մոտ մի տնակում պատսպարվելիս, թերթել է Ավետիսյանների տնից գողացած հեռախոսը, առաջին համարը եղել է Արթուրինը, որը տաքսու վարորդ էր, նրան զանգահարել ու շաուրմա էր պատվիրել: Միհրան Պողոսյանը նշում է, որ գոյություն չունի նման կոնտակտ: Չկա նաեւ այն անձը, որը իբր թե Պերմյակովին հանդիպել է սպանությունից հետո՝ Ավետիսյանների տնից դուրս գալիս:

Հարցաքննությունից մեկում էլ Պերմյակովը նշում է, որ փորձել է ավտոմեքենա վարել, սակայն, ըստ Միհրան Պողոսյանի, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այդ ավտոմեքենան կանգնած է եղել՝ խոտանված վիճակում եւ որեւէ գործողություն տվյալ ավտոմեքենայի հետ կատարված չի եղել: Պերմյակովը իր ցուցմունքներում նշել է, որ մեքենան փորձել է քանդել, լարերի միջոցով շարժիչը գործի գցել, ինչպես ֆիլմերում, սակայն քանդված մաս չի եղել մեքենայի վրա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930