Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատմաբան. «Թուրքական պառլամենտի հայազգի պատգամավորի ելույթը կարծես բեմադրված է»

Ապրիլ 22,2016 17:21

Aravot.am-ը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի՝ թուրքական պառլամենտում հնչեցրած ելույթը, որտեղ Փայլանը բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիային էլ կոչ է անում առերեսվել իր պատմությանը:

Պարոն Գեւորգյանն ասաց, որ հայազգի պատգամավորի ելույթը հիրավի մտածելու տեղիք է տալիս՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները: Պատմաբանի կարծիքով, այդ ելույթը կարծես բեմադրված լիներ՝ դրանից հետո հնչած ծափահարություններով հանդերձ:

«Թուրքիայում տեղի ունեցած վերջին ընտրությունները, քրդերի հետ կատարվածը եւ դրանից հետո տարբեր կուսակցությունների եւ դաշինքների կազմում հայ պատգամավորների հանդես գալը Թուրքիայի պառլամենտում, մտորումների տեղիք է տալիս, բայց բոլոր դեպքերում ողջունելի է:

Վերջին օրերին համացանցից տեղեկացա, որ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանդես է եկել թուրքական պառլամենտում եւ ապրիլի 24-ի նախօրեին բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին, անգամ փաստեր է բերել, օրինակներ, ցույց տվել Օսմանյան կայսրության խորհրդարանի հայազգի 7 պատգամավորների (Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչեան, Նազարէթ Տաղաւարեան, Կարապետ Փաշաեան, Հովհաննէս Սէրէնկիւլեան, Օնիկ Դերձակեան, Համբարձում Բոյաջեան) լուսանկարները, առաջարկել քննել նրանց ձերբակալության եւ սպանության գործերը եւ այլն: Ամենավերջում էլ ելույթն արժանացել է ծափողջույնների:

Այսօր մենք ապրում ենք այնպիսի իրադարձությունների շեմին, երբ Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնախնդրի հետ կապված ցանկացած բարձրաձայնում, այն էլ Հայաստանից դուրս, միջազգային ասպարեզում, մեզ համար խիստ ուշադրության է արժանանում:

Իմ կարծիքով, տվյալ պարագայում հայազգի պատգամավորի միջոցով, Թուրքիան ուզում է ձեռքերը լվանալ եւ ցույց տալ, թե տարածաշրջանի ներքին զարգացումների հետ ինքը կապ չունի, ժողովրդավար երկիր է, որտեղ խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է:

Մինչդեռ Փայլանի ելույթը պետք է դիտարկել հետեւյալ համատեքստում. մենք լուրջ իրադարձությունների շեմին ենք կանգնած՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, միջադեպերը՝ Արցախում, հայ-ռուսական փոխհարաբերությունները, դրան նախորդած ռուս-թուրքական լարված փոխհարաբերությունները, այսօր էլ ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը եւ հանդիպումները ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, հայաստանյան ու համաշխարհային մամուլում քննարկվող խնդիրները, որ Ռուսաստանը առաջարկությունների փաթեթ է ներկայացնում, եւ այդ առաջարկությունները վերաբերում են նաեւ տարածքային խնդիրներին:

Սա մեր մոտեցումն է, որը գուցե եւ մասնավոր կարծիք է, բայց պատմաբանի տեսակետ: Չէ՞ որ մենք գիտենք թուրք-ադրբեջանական սերտ հարաբերությունները, վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության այն հայտարարությունները, որ Ադրբեջանի հետ երկվորյակ եղբայրներ են եւ ազգակիցներ, դա ե՛ւ Դավութողլուի եւ մյուսների բերանից է հնչել, Ադրբեջանի արտգործնախարարը եւս դրա մասին խոսել է:

Մի խոսքով, Հայոց ցեղասպանության նախօրեին հայազգի պատգամավորի ելույթը մի քիչ կասկածելի է, կրկնում եմ՝ Թուրքիան միջազգային ասպարեզում ցույց տա, որ իբր ժողովրդավար երկիր է»,- ասաց պատմաբանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930