Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլյան մի խայտառակ ասուլիս` պատերազմական իրավիճակում

Ապրիլ 22,2016 18:00

Հայաստանի արտգործնախարարությունում այսօր հրավիրված Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսը, բացի այն, որ սկսվեց 40 րոպե ուշացումով, ինչը ՀՀ ԱԳՆ-ում ընդունված պրակտիկա է, բոլորովին համահունչ չէր այն իրավիճակին, որը տիրում է այսօր ղարաբաղյան շփման գծում:

Ռուսական պատվիրակության ներկայությունն արդեն բավական էր հասկանալու, որ Հայաստանում բավական լուրջ բանակցություններ են ընթացել, ու նաեւ Նալբանդյանի բավականին ընկճված պահվածքը հիմք ընդունելով, կարելի էր ենթադրել, որ հայ-ռուսական բանակցությունները բարդ են եղել պաշտոնական Երեւանի համար:

Լավրովի հետ մամուլի ասուլիսի ներկայացավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, որը մի քանի օր առաջ` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակն էր քննարկել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆֆի հետ:

Մի քանի կարեւոր իրադարձություններ, որոնք նախորդել էին այսօրվա ասուլիսին:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն ի դեպ, այսօր նույնպես ռուսական պատվիրակության կազմում ժամանել էր Երեւան, պատասխանելով հարցին, թե արդյոք Սերգեյ Լավրովը որեւէ պլան է տանում Երեւան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, երեկ նշել էր` Սերգեյ Լավրովը երբեք որեւէ տեղ դատարկաձեռն չի գնում. «Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում: Ասել թե դա պլան է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, սխալ կլինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման: Դրանում է կայանում միջնորդի դերը` խոսել կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկել»:

Նույն Մարիա Զախարովան մարտի 31-ին, երբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում էին, հայտարարել էր, թե ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ աշխատում են ԼՂ խնդրի կարգավորման համար, սակայն նաեւ հավելել էր. «Չի կարելի ասել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի գոյություն ունեցող մոտեցումները բոլոր հարցերում նույնական են կամ համընկնում են»:

Aravot.am-ը պատրաստվում էր այս հարցը ուղղել Սերգել Լավրովին` պարզաբանման խնդրանքով` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ո՞ր հարցում կան տարաձայնություններ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եւ ճշգրտել` Լավրովի գաղափարները, որոնք նա ներկայացրել է պաշտոնական Երեւանին ու Բաքվին` համաձայնեցվա՞ծ են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ:

Հիշեցնենք նաեւ, որ Լավրովը ապրիլի 7-ին ՏԱՍՍ-ին տված ծավալուն հարցազրույցում` խոսել էր ռուսական նախաձեռնության մասին, անընդունելի համարելով ստատուս քվոյի պահպանումը, եւ նշել էր, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերից բացի հանդես է գալիս նաեւ «սեփական նախաձեռնություններով»:

Մինչդեռ օրեր առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ժամանակ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Երեւանում մամլո ասուլիսում վստահեցրեց, թե գոյություն չունի որեւէ նոր փաստաթուղթ, կամ, այսպես կոչված՝ Լավրովի առաջարկներ, շրջանառվում են միայն համանախագահների քննարկված առաջարկները:

Նկատենք, որ վերջին ամիսներին պաշտոնական Բաքուն անընդմեջ խոսում էր Լավրովի առաջարկների մասին: Իսկ Իլհամ Ալիեւը իր իսկ սանձազերծած պատերազմի հաջորդ օրը` ապրիլի 2-ին, Անվտանգության խորհրդի նիստում նշեց հետեւյալը. «ՌԴ նախագահը եւ ՌԴ ԱԳ նախարարը մյուս համանախագահների հետ հանդես են եկել որոշ առաջարկներով: Մենք դա ողջունեցինք: Այդ առաջարկներում խոսք է գնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին»: Ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ապրիլի 7-ին` Լավրովի` Բաքվում եղած ժամանակ, Լավրովի ներկայությամբ` հայտարարեց. «Ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա»:

Aravot.am-ը Սերգեյ Լավրովին նաեւ այս հարցն էր պատրաստվում տալ, մանավանդ, որ Բաքուն` հղում անելով Լավրովին, խոսում է «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքով ռուսական առաջարկների մասին, սակայն մենք այս հարցն էլ տալու հնարավորություն չունեցանք:

Բացի այդ, ստացվում է, որ Երեւանում Պոպովը ստել էր, երբ ասել էր գոյություն չունի, այսպես կոչված՝ Լավրովի առաջարկներ: Մի քանի օր անց, փաստացի, պաշտոնական Մոսկվան` Մարիա Զախարովայի մակարդակով, հաստատեց, որ Լավրովը դատարկ ձեռքով չի մեկնում Երեւան:

Իսկ ընդհանրապես, Նալբանդյանի եւ Լավրովի այսօրվա ասուլիսից տպավորություն ստեղծվեց, թե այն տեղի է ունենում Ռուսաստանի ԱԳՆ-ի շենքում: Լավրովի համար ծրագրված հարցերի բովանդակությունը համահունչ էր կիսելյովան քարոզչությանը: Մի քանի ամիս առաջ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում երկարատեւ եւ բուռն մեղրամիսի հանկարծակի ընդհատումից հետո` Լավրովը հարյուրերորդ անգամ ներկայացրեց Թուրքիայի բացասական դերը, բայց ոչ մի հասցեական քննադատություն` ապրիլի 2-ից ահաբեկչական մեթոդներով Ղարաբաղի վրա հարձակված Ալիեւի ռեժիմի հասցեին, ոչ մի դատապարտում, ոչ մի պարզաբանում, թե՞ ինչու է Ռոգոզինը հայտարարում, որ պետք է շարունակի զինել Ադրբեջանին, ու որքանո՞վ է սա համապատասխանում Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին:

Կամ` ի՞նչ հրադադարի պահպանման մասին է խոսում Լավրովը, երբ ակնհայտ է, որ հրադադարը չի պահպանվում այսօր, Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները, հայկական կողմը կորուստներ է ունենում, հայ զինվորներ են զոհվում, իսկ Լավրովը որեւէ դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս Երեւանում:

Ո՞վ էր մեր օրերում Էրդողանի ու Դավութօղլուի իշխանությունից երբեւէ ադեկվատություն ակնկալել Ղարաբաղյան հարցում: Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների համար նորությո՞ւն է, որ Էրդողանը «եղբայրական Ադրբեջանին» թեւ ու թիկունք է ու ամբողջությամբ սատարում է ադրբեջանանպաստ դիրքորոշում ԼՂ հարցում, ի տարբերություն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, որն այս օրերին չեզոք դիրք է բռնել եւ հանդես է գալիս ընդդեմ Հայաստանի ու Արցախի շահերի` զինելով Ադրբեջանին: Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարներն այլ բան էին ակնկալո՞ւմ պաշտոնական Անկարայից ապրիլյան պատերազմի օրերին… Մի՞թե պարզ չի, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները տապալելուց հետո պաշտոնական Անկարայի օրակարգում կա բացառապես մեկ հարց` Ղարաբաղի խնդրի ադրբեջանանպաստ լուծում:

Պարզվեց նաեւ, որ այսօրվա` Նալբանդյան-Լավրով համատեղ մամլո ասուլիսի հիմնական նպատակն էր Հայաստանի ԱԳ նախարարի հասցեին հնչած քննադատություններին` Լավրովի ներկայությամբ պատասխանելը: Միայն թե զարմանալի է, թե ինչու դրա համար ավելի հարմար պահ չէր ընտրվել, կարելի էր ավելի վաղ մամլո ասուլիս հրավիրել` առանձին, ոչ թե տարին մեկ անգամ` Ամանորի առիթով եւ պատերազմի օրերին ԱԳՆ-ի կատարած աշխատանքներն ու դրա արդյունքները մանրազնին ներկայացրել հանրությանը:

Սակայն առանց օտարերկրյա գործընկերների, միայնակ, անկաշկանդ, բոլոր լրագրողների չնախատեսված հարցերը, ամենավերջում ձեռք բարձրացրած լրագրողին լսելու ու պատասխանելու բարի ավանդույթներով ասուլիսները ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հեռացումից հետո վերացել են արդեն ութ տարի:

Ի դեպ, նկատեցինք, որ ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցների կողմից այսօրվա ասուլիսը փակելուց հետո` անգամ Լավրովն անակնկալի եկավ, հավանաբար դեռ հարցեր էր ակնկալում, զարմացած հայացքով հարցրեց. «всё ?»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վարդան Օսկանյանի արտգործնախարարութեան ժամանակներին,
    ներկայ օրերի կացութեան համազօր պատերազմ չկար,
    վաղուց տեղի չէր ունեցել:

    Համաձայն եմ որ այժմու վարչակարգը հակում ունի մի քիչ շատ ինքն իր վրայ «փակվելու»,
    սակայն Օսկանյանի հետ բաղդատականը անտեղի է,
    չասելու համար կասկածելի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930