«Շատերն ասում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո հնարավոր չէ որևէ բան փոխել, մինչև այդ էր պետք հասցնել: Սակայն դա սխալ մոտեցում է: Կարծում եմ, որ 100-րդ տարելիցից հետո նոր փուլ է սկսվում: Ճանաչումից պիտի անցնենք հատուցման խնդրին»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ Ցեղասպանության ճանաչման հարցում մենք որոշակի առաջընթաց գրանցել ենք. շատ երկրներ են ճանաչել այն, և դա շարունակական գործընթաց է. «Մեզ համար չափազանց կարևոր է, որ Ցեղասպանության փաստը նախորդ տարի ընդունեց նաև Ավստրիան, որովհետև այս հարցում նա ու Գերմանիան Թուրքիայի հիմնական մեղսակիցներն են»,- նշեց Է. Մինասյանը:
Ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից ճանաչման հավանականությանը, նա դժվարացավ կանխատեսումներ անել. «Շատ երկրներ այս հարցին մոտենում են՝ առաջին հերթին հաշվի առնելով իրենց շահերն ու խնդիրները: Նրանց համար գլխավորն այստեղ արդարության պահանջը չէ: Չնայած խոսում են եվրոպական արժեքներից, արդարությունից, հավասարությունից, բայց շատ դեպքերում, իրենց շահերից ելնելով, այլ քաղաքականություն են վարում»,- ասաց պատմաբանը:
Նրա կարծիքով, Հայաստանը հիմա պետք է ձգտի զարգացնել իր տնտեսությունն ու ռազմական արդյունաբերությունը. «Հատկապես վերջին դեպքերը ցույց տվեցին, որ դա անհրաժեշտություն է: Բացի այդ, Հայաստանն այդպիսով կկարողանա բարձրացնել նաև իր հեղինակությունն աշխարհում»,- նշեց Է. Մինասյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ