Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը բորբոքվեց. «Մնում է՝ մատները կտրենք»

Ապրիլ 22,2016 16:37

«Այլեւս հնարավոր չի անհիմն մեղադրանքներ ներկայացնել, դրա համար ենք խուսափում երբեմն օբյեկտիվ ամրագրման այն եղանակներից, որ մենք տալիս ենք: Ամբողջ աշխարհը գիտի, որ մատնահետքով հարյուր տոկոսով հնարավոր է ճշտել`այդ մա՞րդն է եկել քվեարկության, թե՞ ոչ: Եթե ինչ-որ մեկը խուսափում է այս մեխանիզմներից`առաջարկելով նախնադարյան մատների թանաքոտման սկզբունքը… մնում է մատները կտրենք`ո՞վ եկավ ընտրությունների, դա նշանակում է ինքը ընդամենը փորձում է ստեղծել մի մեխանիզմ, որը անվստահության մակարդակը պահի, որ հնարավոր լինի կասկածներ սփռել հասարակությունով մեկ: Իսկ մենք դրան դեմ ենք»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, «Ընտրական օրենսգրքի» լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ հակադարձելով ընդդիմադիր պատգամավորների քաղաքական հայտարարություններին, ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էր իր ելույթում անդրադարձել ընդդիմության այն հինգ պահանջներին, որոնք առաջարկում էր ՀԱԿ-ը եւ, որոնք մանրամասն քննարկվեցին «4+4+4» ձեւաչափով հանդիպումների ժամանակ: «Մենք այստեղ անզիջում ենք լինելու»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը`զգուշացնելով իշխանական քաղաքական ուժին` ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ աջակցությունը տպավորություն թող չստեղծի, թե այս հարցում էլ է ընդդիմությունը իշխանության կողքին լինելու:

Դավիթ Հարությունյանը վստահ է`իշխանության առաջարկած բոլոր գործիքները հնարավորություն տալիս են, որ ընդդիմադիրների մատնանշած ընտրակեղծիքները կանխվեն եւ կարծում է, որ դրան դեմ կարող է լինել միայն «պղտոր ջրում ձուկ որսացողը»:

Եթե լուծումներ որոնելու ցանկություն կա, ոչ զուտ քաղաքական հայտարարություններ անելու, ըստ Դավիթ Հարությունյանի, իշխանությունը պատրաստ է. «Երբ հորդորներով հանդես ես գալիս, դա ոչ միայն դիմացի կողմին պետք է ուղղված լինի, այլ նաեւ քեզ: Ես հորդորում եմ եւ մեզ, եւ մեր ընդդիմադիր գործընկերներին, ինչ-որ մի էջ համարել փակված, ինչ-որ քայլեր համարել կատարված եւ առաջին ընթերցումից հետո մեկ անգամ եւս փորձել նստել, փորձել գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք հնարավորություն կընձեռեն բարելավել ընտրական օրենսգիրքը»:

Դահլիճում ներկա ընդդիմադիրները չարձագանքեցին Դավիթ Հարությունյանի հնչեցրած մեղադրանքներին:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հակադարձելով քննարկումների ընթացքում ընդդիմադիրների «քաղաքական հայտարարություններին», ասաց`փորձ է արվում ներկայացնել, որ կոնսենսուս չկա, իշխանությունը զիջումների չգնաց: Մատնահետքեր վերցնելը եւ դրանց համադրումը, Հովհաննես Սահակյանի պնդմամբ, բոլոր խնդիրները լուծում է` գործնականում բացառելով կրկնաքվեարկությունները:

«Շնորհակալ եմ, որ ասում եք`ՀՀԿ-ն մասնակցի, ծանրակշիռ կլինի, մեր ծանրակշռությունը գիտակցելով էլ ասում ենք`ՀՀԿ-ն չի կարող մասնակցի այդ գործընթացին»,- Արամ Մանուկյանին դիմեց Հովհաննես Սահակյանը`նկատի ունենալով նրա այն տեսակետը, որ եթե ՀՀԿ-ն մասնակցի, Վրաստանի փորձով` դռնեդուռ թակելով, ընտրացուցակների մաքրման գործին, արդյունքն ավելի ծանրակշիռ կլինի: «Դա ճիշտ չէ, անօգուտ աշխատանք է: Բայց եթե ուզում եք`ասում ենք`գնացեք եւ արեք»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Դավիթ Հարությունյանին էլ զարմացրեց Արամ Մանուկյանի հայտարարությունը: «Եթե իշխանությունը չի մասնակցում, լեգիտիմության մակարդակն այն չէ: Ասում ենք`եղբայր, դուք այդ նշումը արեք, մենք համաձայն ենք, ասում եք`ոչ: Սա խոսում է ծայրահեղականության մասին»,- ասաց Դավիթ Հարությունյանը`նկատելով, որ ՀԱԿ-ն իր նախնական առաջարկներից չի շեղվել անգամ մեկ միլիմետր, այն պարագայում, երբ իշխանությունը «հսկա քայլ» է արել:

Արամ Մանուկյանը նաեւ առաջարկել էր 10 միլիոնի համաներում անել եւ ապահովել բոլորի համար այս կարեւոր հարցում նույնականացման քարտերով ընտրությունները: Դավիթ Հարությունյանի հաշվարկով, մոտավորապես այդպիսի գումար է պետք միասնական փաստաթղթով ընտրություններ ապահովելու համար: Նա օրինակ բերեց, որ վերջերս «Հրազդան ցեմենտի» եւ եւս երկու ձեռնարկությունների համար համաներում արվեց: Դավիթ Հարությունյանը հորդորեց` չնույնականացնել քաղաքական եւ տնտեսական հարթությունները:

Վեց «կողմ», չորս «դեմ» քվեարկության արդյունքներով ԸՕ-ի նախագիծն ընդգրկվեց մեծ, ապա քառօրյա նիստերի օրակարգ: Այն ԱԺ լիագումար նիստում կքննարկվի երկուշաբթի: «Դեմ» քվեարկեցին ընդդիմադիր պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Զարուհի Փոստանջյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հովհաննես Մարգարյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930