Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով է, որ հաջորդ սերունդը կարող է կերտել ու ամրապնդել Հայաստանի ապագան»

Ապրիլ 22,2016 16:27

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայաստանի կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության և աջակցության համար:

Ես համոզված եմ, որ մեր բարդ տարածաշրջանում հենց կրթությունն է այն հիմնաքարը, որ կնպաստի հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանն ու տարածաշրջանի հետագա զարգացմանը: Ուզում եմ հավաստիացնել, որ կրթության համակարգում հայ-ամերիկյան համագործակցությունը լավագույն օրինակ դառնալու իրական հնարավորություններ ունի», -նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դերը մեր կրթական համակարգում` ընդգծելով, որ Ամերիկյան համալսարանն իր ձևավորման օրվանից նոր կրթական չափանիշ և որակ բերեց բարձրագույն կրթության համակարգում` խթան դառնալով նաև մյուս համալսարանների համար: Միաժամանակ, նախարար Լ. Մկրտչյանը ցանկություն է հայտնել ամերիկյան մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:

Իր հերթին դեսպան Ռիչարդ Միլսը գոհունակություն է հայտնել կրթության ոլորտում առկա հայ-ամերիկյան համագործակցության մակարդակից նշելով. «Հպարտ եմ, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կա նման տևական ու կենսական նշանակության գործընկերություն, որի հիմքում մեր այն ընդհանուր համոզմունքն է, որ կրթությունը մարդու կենսական իրավունքներից է»:

Խոսելով անկախության տարիներին կրթական մի համակարգից մյուսի անցման ճանապարհի մասին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կառուցվածքի առումով Հայաստանի կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ձևավորվել է, սակայն մեծ անելիքներ կան բովանդակության ապահովման ուղղությամբ: Ընդ որում, նախարարը նշել է, որ կրթական նոր համակարգի ձևավորման գործում մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգները, Համաշխարհային բանկն` իր վարկային ծրագրերով, մասնավորապես ՀԲ վարկային ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքներ: Նախարարը ցանկություն է հայտնել՝ ՀԲ-ի հետագա վարկային ծրագիրն ուղղորդել կրթության որակի բարձրացմանը միտված նախաձեռնություններին, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և ավագ դպրոցի բովանդակության և որակյալ կրթության ապահովմանը: Լևոն Մկրտչյանը կարևորել է «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի իրագործման վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ (USAID)-ի հետ ստորագրված համաձայնագիրը, որի իրականացումը ոչ միայն ուղղված է մարդկային ճակատագրերի կառուցմանը, այլ նաև հասարակական համապատասխան վերաբերմունքի ձևավորմանը:

Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթ են առաջադիմության, գերազանց կրթության խթանումը և մերօրյա մրցունակ աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ապահովելու հարցում բոլորի համար հավասար հնարավորությունների երաշխավորումը: «Միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով է, որ հաջորդ սերունդը կարող է կերտել ու ամրապնդել Հայաստանի ապագան: Հպարտ ենք, որ աջակցում ենք նախարարությանը՝ երեխաների պաշտպանության ազգային բարեփոխումների ու ներառական կրթության ասպարեզներում, լիահույս ենք, որ այսուհետ առավել կխորացնենք մեր գործընկերությունը կրթության ոլորտի հետագա զարգացմանը միտված ձեր նախաձեռնությունների շրջանակում»,-ավելացրել է ԱՄՆ դեսպանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գերազանցության կենտրոններին, անգլերեն լեզվի տարածման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, հակակոռուպցիոն ծրագրերի իրականցմանը, ինչպես նաև կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930