Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմը ցույց է տալիս, որ չկա սփյուռքահայ հասկացություն. մենք բոլորս հայ ենք». Վահե Յան

Ապրիլ 22,2016 16:18

Ապրիլի 21-ին կայացավ «Արմատներ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին:

Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, որ Արամի բլոգի մշտական ընթերցողներից է՝Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ: Արամի և Անետի սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ:

Նրանք ցեղասպանությունից հետո ծնված չորրորդ սերունդն են, որ ապրելով Հայաստանի սահմաններից դուրս՝ չեն մոռացել իրենց անցյալի և արմատների մասին:

Գեղեցիկ սիրո պատմությանը զուգահեռ ֆիլմն անդրադառնում է 2015թ.-ին ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումներին, որոնք իրենց շուրջը հավաքեցին աշխարհասփյուռ հայությանը:

Ֆիլմին նախորդող ասուլիսի ժամանակ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը շեշտեց, որ ֆիլմի վրա աշխատում են նախորդ տարվա փետրվարից. «Այս ֆիլմն ունի երկրի ներքին խնդիրները լուծելու նպատակ: «Շարմ»-ը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը: Տարելիցին նախորդող երկու ամիսներին արդեն զգացվում էր այն հսկա ներուժը, որը ստեղծվեց այդ միջոցառումների շուրջ: Նկարահանել ենք բոլոր միջոցառումները և մտածեցինք չկորցնել այդ ամենը, քանի որ կանցնի մի որոշ ժամանակ և կմոռացվի դա, միգուցե մեր երեխաները, որոնք կմեծանան և 100-ամյա տարելիցի մասին կլսեն իրենց ծնողներից, տատիկներից, պապիկներից, ոչ այնքան տպավորիչ կլինի: Որոշեցինք նկարել ֆիլմ, որը գեղարվեստական տարրեր կներառի, և ֆիլմի միջոցով փոխանցել այդ օրերին տեղի ունեցած միջոցառումները»:

Ֆիլմի պրոդյուսերը նշեց, որ իրենք չեն պատմում իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ, այլ պատմում են իրադարձությունների մասին, որ տեղի են ունեցել անցյալ տարի. «Կարծում եմ՝ այս ֆիլմը պետք է յուրաքանչյուր հայ դիտի: Այն կոմերցիոն նպատակներ չի հետապնդում: Ցուցադրությունները կլինեն ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ֆիլմը կթարգմանվի մի քանի լեզուներով: Իհարկե, ֆիլմը կարող են այլազգի ներկայացուցիչներ էլ դիտել, բայց այս ֆիլմը հայերի համար է: Սա ֆիլմ է, որը կօգնի ավելի համախմբվել, հասկանալ, որ մենք մի գեն կրող ենք, որտեղ էլ ապրենք»:

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Վահե Յանն ավելացրեց, որ ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում. «Scripted reality ժանրը վաղուց տարածված է աշխարհում, բայց հայկական ֆիլմարտադրության մեջ այն առաջինն է իր տեսակով: Այն գեղարվեստական և վավերագրական ժանրերի սինթեզ է: Մենք շատ թեթև ենք մոտեցել խնդրին՝առանց լաց լինելու: Ֆիլմը ցույց է տալիս, որ չկա սփյուռքահայ հասկացություն. մենք բոլորս հայ ենք»:

Սցենարի հեղինակը Կարինե Խոդիկյանն է: Ֆիլմի հերոսներն են Անդրանիկ Բաբայանը, Մերի Մկրտչյանը, Ռոզի Ավետիսովան, Գրիգոր Բաղդասարյանը, Իշխան Ղարիբյանը, Վարդան Հովսեփյանը և այլք:

Կարեն Ղազարյանն անդրադարձավ հերոսների ընտրությանը՝ նշելով, որ իրենք չեն ցանկացել, որ դերասանները լինեն ճանաչված, որպեսզի ամեն մարդ իրեն կարողանա նույնացնել հերոսի հետ: Բեմադրող ռեժիսորը շարունակելով խոսքը՝ նշեց, որ ուզում էր ամեն ինչ իրական լինի. «Մերիին մոտ մեկ տարի ճանաչել եմ՝ մինչ ֆիլմի նկարահանումները, նա, հայաստանցի լինելով, Հայաստանում ապրող մարդու հետ չի ասոցացվում, երբ նրան նայում ես, հասկանում ես, որ դրսում ապրող հայ է: Իսկ Անդրանիկին ճանաչեցի հենց ֆիլմի շրջանակներում: Կարծում եմ՝ ճիշտ ընտրություն եմ արել»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930