Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր

Ապրիլ 22,2016 16:05

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն եւ ԵՄ քաղաքական պատասխանատու Անդրեա Խալուպովային:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկված է ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում. նախատեսվում է, որ այն առաջիկայում կընդգրկվի նաեւ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ, հաշվի են առնվել բոլոր կառուցողական առաջարկներն ու դիտողությունները, արդյունքում՝ նախագիծն այս տեսքով ընդունելի է շահագրգիռ բոլոր կողմերի համար: Ըստ տիկին Վարդանյանի՝ դեռեւս կան տարընթերցումների տեղիք տվող որոշ դրույթներ, որոնց հստակեցման քննարկումները շարունակվում են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Սվիտալսկին կարեւորել է նախագծի արագ ընդունումը, քանի որ դրանից է կախված ԵՄ մի շարք ծրագրերի իրականացումը Հայաստանում: Նա բարձր է գնահատել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշելով, որ դրանում պահպանվել են եվրոպական չափանիշները, ի տարբերություն ԵԱՏՄ որոշ երկրների, որտեղ փորձ է արվել նվազեցնելու հասարակական կազմակերպությունների դերը:

ԵՄ դեսպանը նաեւ անհրաժեշտ է համարել նախագծում ընդգրկել դրույթ, որը հասարակական կազմակերպությունների համար կապահովի դատական արդարադատության մատչելիությունն ու դատարան դիմելու հնարավորությունը, ինչի կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ այդ հարցը գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծին: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անհրաժեշտ է համարել շարունակել երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ: Նա հույս է հայտնել, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը կապահովի արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:

 

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930