Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տրամաբանական են Լավրովի ասածները». Աղվան Վարդանյան

Ապրիլ 22,2016 15:57

Մինչ այսօր գոյություն են ունեցել մադրիդյան սկզբունքները, որոնք այսօր սեղանին չկան, կազանյան սկզբունքները, որոնք ՀՀ-ն ոչ թե ընդունել է ամբողջությամբ, այլ ասել է՝ կարող ենք սա ընդունել որպես հիմք՝ հետագա բանակցությունների համար: Այսօր դա ընդունել բացառված է, քանի դեռ չկան այն զսպման մեխանիզմները:

Այսօր լրագրողների հարցին՝ ինչո՞ւ այս փուլում տարածքներ հանձնելու թեման դրվեց շրջանառության մեջ, տրամադրություննե՞րն են ուզում շոշափել՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ միշտ էլ նման խոսակցություններ եղել են. «Խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը: Դրա մեջ տարածքներն ինչ դերակատարություն ունեն, յուրաքանչյուր մանրամասն այստեղ էական նշանակություն ունի: Վերցնել մի առանձին կտոր եւ դրա մասին խոսել, երբ այս ագրեսիան եղավ Ադրբեջանի կողմից, բնական է, որ եւ միջազգային հանրության կողմից եւ նաեւ ՌԴ-ում ակտիվությունը մեծանում է կարգավորման մեխանիզմներ գտնելու: Բայց առանձնացնել մի կտորը, մի հարցը…ակնհայտ է, որ մինչ այսօր գոյություն են ունեցել մադրիդյան սկզբունքները, որոնք այսօր սեղանին չկան, կազանյան սկզբունքները, որոնք ՀՀ-ն ոչ թե ընդունել է ամբողջությամբ, այլ ասել է՝ կարող ենք սա ընդունել որպես հիմք՝ հետագա բանակցությունների համար: Այսօր դա ընդունել բացառված է, քանի դեռ չկան այն զսպման մեխանիզմները»:

Ըստ նրա, պետք է ուժի կիրառումը բացառող մեխանիզմներ ունենալ եւ նաեւ այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք կապացուցեն, թե ով է խախտում ընդունված փաստաթղթերը. «Այս պահին մենք չունեցանք միջազգային հանրությունից այնպիսի արձագանք, որ կասեր, որ Ադրբեջանն է խախտողը»:

Նա ասաց, որ մենք տարիներ շարունակ խոսում ենք ուժի կիրառումը բացառող պայմանավորվածությունների մասին, չի կարող լինել բանակցություն, որեւէ քննարկում, եթե ամեն օր կրակում են, ամեն օր մարդիկ են զոհվում, եւ Ադրբեջանը իր քաղաքականությունն է դարձրել թշնամանքը, հայատյացությունը, ատելությունը. «Քառօրյա պատերազմի դասերից մեկն այն էր, որ Ադրբեջանը մի ամբողջ սերունդ էր դաստիարակել այս ոգով, այդ սերունդը չէր տեսել նախկին պատերազմը եւ չգիտեր դա ինչ է: Այդ սերունդն այսօր բախվեց հայկական դիմադրությանը եւ դաս ստացավ: Ուժի կիրառմամբ խոսողը պիտի ունենա միջազգայնորեն հստակ դատապարտման մեխանիզմներ»:

Ըստ Աղվան Վարդանյանի, «Տրամաբանական են Լավրովի ասածները՝ միակ խնդիրը պետք է լինի հարգել 94, 95-ի զինադադարի պայմանագրերը: Սրանք միջազգայնորեն ընդունված փաստաթղթեր են, եթե որեւէ մեկը չի հարգում, պետք է ստանան համապատասխան մեխանիզմներ՝ սաստելու տվյալ երկրի քաղաքականությունը: Վստահ եմ, որ մեր ներքին համախմբվածությունը, բանակի հանդեպ ուշադրության կտրուկ մեծացումը, համազգային միասնությունը կբերի նաեւ մեր երկրում որակական, արմատական փոփոխությունների եւ հանրության մոտ վստահության, ինչը անկարելի կդարձնի մեր ազգային պետական շահերից որեւէ զիջում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930