Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բիլլի Միլլիգան. Պատմության մեջ առաջին հանցագործը, որն արդարացվեց մի մարմնում «24 անձ ունենալու» հիմքով

Ապրիլ 22,2016 15:38

Ամերիկացի Բիլլի Միլլիգանը համաշխարհային հանրությանը ծանոթ է որպես հանցագործ, որը դատավարության ընթացքում արդարացվեց ՝ հոգեբուժության մեջ հայտնի «բազմակի անձի» ախտանիշի շնորհիվ: Վերջինս հանդիսանում է բավականին հազվադեպ հանդիպող հոգեբանական խանգարում, որի ժամանակ մարդու անձը բաժանվում է, և ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ մի մարդու մեջ ապրում են տարբեր անձնավորություններ կամ էգոներ: Ժամանակի որոշ պահերի տեղի է ունենում անցում մի անձից մյուսը, որոնք կարող են ունենալ տարբեր տարիք, սեռ, ազգություն, մտավոր կարողություններ, աշխարհայացքներ և այլն :

Բիլլի Միլլիգանի դատավարությունը տեղի ունեցավ 1970-ականների վերջին ՝ ԱՄՆ-ի Օհայո նահանգում: Միլլիգանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի գողությունների և երեք առանձնակի դաժան բռնաբարության դեպքերի համար: Մեղադրյալի փաստաբանները պնդում էին՝ Միլլիգանն «ունի 24 անձ», որոնցից ինքը գլխավորն էր, 10-ը «հիմնական» էին, իսկ հանցագործությունները կատարել էին դրանցից երկուսը ՝ Բիլլիի կամքից անկախ : Դատարանի որոշմամբ Միլլիգանը ճանաչվեց անմեղ և ուղեգրվեց հոգեբուժարան՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ 1988 թվականին, հոգեբուժարանում 10 տարի անցկացնելուց հետո, ճանաչվեց առողջացած և դուրս գրվեց: Բիլլի Միլլիգանը մահացավ Կոլումբուսի ծերանոցում 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ 59 տարեկան հասակում:

Մինչ օրս Միլլիգանի ֆենոմենը շարունակում է մնալ չբացահայտված: Հոգեբույժների մի ստվար զանգված համոզված է, որ Բիլլիի տարբեր քայլեր ՝ տարբեր էգոների դրդմամբ են կատարվել, մինչդեռ որոշ հոգեբաններ գտնում են , որ Միլլիգանը պարզապես շատ լավ դերասան էր, կարողանում էր հոգեբանական մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց ՝ թաքցնելով իրական վարքագիծը և դրսևորելով կեղծ գործելակերպ:

Բիլլի Միլլիգանի կյանքի պատմությունը ներկայացված է Դանիել Քիզի «Բիլլի Միլլիգանի բազմաթիվ ուղեղները» վավերագրական վեպում: Վերջինիս հիման վրա ֆիլմի նկարահանման մտահղացումը մշակվում է «Օսկար» մրցանակի դափնեկիր Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից, որը պլանավորում է հանդես գալ նաև գլխավոր հերոսի դերում ՝ իր 24 կերպարներով հանդերձ:

Ռոզինա ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930