Aravot.am-ը ապրիլի 22-ին «Մեդիա կենտրոնում» թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին խնդրեց անդրադառնալ ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի ներսում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես՝ հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ելույթին:
Նա նշեց, որ կանխատեսելի էր, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի երեք պատգամավորներից հատկապես մեկը՝ Կարո Փայլանը, Թուրքիայի քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության հարցը ավելի նոր մակարդակ կտեղափոխի. «Այն, ինչ այս երկու օրը տեղի է ունենում Թուրքիայում, մասնավորապես՝ Օսմանյան կայսրության խորհրդարանում զոհված պատգամավորների նկարներն են տեղադրված, լինելու են տարատեսակ միջոցառումներ, կրկին ապրիլի 24-ին մոմավառություն եւ այլն: Իհարկե՛, դրանց մեծ մասին շատ լավատեսական պետք չէ մոտենալ, որովհետեւ դրանցում կան քողարկված վտանգներ:
Բայց, այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքական համակարգի որոշակի շրջանում, մասնավորապես՝ ընդդիմադիր քրդերի շրջանում տեղի է ունեցել որոշակի փոփոխություն, առնվազն՝ հռետորաբանության մեջ: Կարող ենք ասել, որ սա նորություն է Թուրքիայի քաղաքական դաշտում, որը իհարկե՛, իշխանությունների եւ ազգայնական տրամադրված մյուս քաղաքական գործիչների կողմից սրերով է ընդունվում, բացասաբար է ընդունվում: Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել հայազգի պատգամավոր Կարո Փայլանին իր համարձակության համար՝ այդ տոտալիտար երկրում նմանատիպ խիզախ պահվածք դրսեւորելու համար»:
Թուրքագետը համարում է, որ Թուրքիայում նման քայլերով է հնարավոր հասարակության լայն շրջանակներում լսելի դարձնել Հայոց ցեղասպանության փաստը իր տարբեր ենթաշերտերով. «Թուրքական հասարակության որոշակի շերտ առաջին անգամ է լսում, որ Օսմանյան կայսրությունում եղել են հայ պատգամավորներ, որոնք սպանվել են: Թուրքական հասարակությունը, որը անընդհատ այդ ստի մթնոլորտում է ապրել, առաջին հերթին նրանց համար է պետք իրականության հետ առերեսվելը, եւ հայ պատգամավոր այդ ուղղությամբ քայլեր է կատարում: Այսօր էլ Թուրքիայի ե՛ւ հայ պատգամավորները, ե՛ւ հայազգի քաղաքացիները, ե՛ւ եկեղեցականները կանգնած են ֆիզիկական սպառնալիքի առջեւ, ամեն պահի դա կարող է լինել:
Կարդացեք նաև
Իհարկե՛, այդ երեք պատգամավորներից մեկը՝ իշխանամետ Մարգար Եսայանը, կարծում եմ՝ շատ հարմար տեղավորվել է թուրքական պետական մտածողության մեջ եւ հատկապես ԵԽԽՎ-ում նրա ելույթները եւ քվեարկությունները Հայաստանի եւ Արցախի դեմ դրա ապացույցներից է: Եթե մենք քննադատում ենք Ադրբեջանին, Թուրքիային, մյուսին, նաեւ պետք է քննադատենք, որ Մարգար Եսայանի քվեարկությունը ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Սարսանգի ջրամբարի հետ կապված պակաս վտանգավոր չէր: Կարող եմ ասել՝ նույն Սմերչը խփողների վստահությունը բխում էր այդ օրինագծից, որին կողմ էր քվեարկել, այսպես կոչված, հայազգի պատգամավորը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ