Լրահոս
Օրվա լրահոսը

12-14 միլիոն դոլար`ընդդիմության կողմից արժանահավատ ընտրություններ անցկացնելու համար

Ապրիլ 22,2016 14:38

«Եթե մենք սահմանեինք, որ հանրապետության տարածքը բաժանվում է ոչ թե 13, այլ 41 ընտրատարածքների, ապա այդ դեպքում կարող էինք ասել, որ նման է մեծամասնականի: Որքան մենք մեծացնում ենք ընտրատարածքները, այնքան հեռանում ենք մեծամասնական համակարգից: Դրա համար մենք ասում ենք, որ հանրապետության տարածքը բաժանում ենք 13 ընտրատարածքների: Այս դեպքում մենք հանգում ենք համամասնական համակարգի»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Ընտրական օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանը: Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել էր` արդյոք բաց ցուցակներով քվեարկությունը նույն մեծամասնական ընտրակարգով քվեարկությունը չէ:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է ԸՕ-ի լրամշակված տարբերակը: Այն նախատեսվում է պատգամավորների դատին հանձնել եկող երկուշաբթի օրը մեկնարկելիք քառօրյայում:

«Ես հիմա մոտավոր թիվ չեմ կարող ասել, բայց եթե հաշվենք, ստացվում է, որ մոտավորապես 7-8 միլիոն դոլարից ոչ պակաս գումար կպահանջվի, որպեսզի մենք բոլորին անվճար նույնականացման քարտեր բաժանենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը` պատասխանելով Զարուհի Փոստանջյանի մեկ այլ հարցի`որքա՞ն գումար է հարկավոր, որպեսզի ընտրություններից առաջ բոլոր քաղաքացիներին բաժանվեն նույնականացման քարտեր և քվեարկությունն անցկացվի բացառապես նույնականացման քարտերով: Սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, այստեղ միայն այդ խնդիրը չէ. «Եթե մենք որոշում ենք ընդունում, որ քվեարկությունը պետք է կազմակերպենք բացառապես նույնականացման քարտերով, այդ դեպքում պետք է ունենանք նաև համապատասխան սարքավորումներ, որոնք ձեռք բերելու համար ևս 5-6 միլիոն դոլար կպահանջվի»:

Պատասխանելով ընտրությունների ժամանակ բոլոր տեղամասերում տեսանկարահանում իրականացնելու եւ ուղիղ հեռարձակում ապահովելու վերաբերյալ պատգամավորի բազմաչարչար հարցին էլ, Դավիթ Հարությունյանը մանրամասնեց` տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը խնդրահարույց են համարում այն պատճառով, որ որեւէ տեղամասում հեռարձակումը կարող է խափանվել, ինչը կասկածների տեղիք կտա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930