Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական երկրորդ վարկանիշային մրցաշարում հայաստանցի 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը չորս անընդմեջ հաղթանակ տանելով մտել է եզրափակիչ, որտեղ գոտեմարտելու է Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզատովի հետ: Մաքսիմ Մանուկյանը Արթուր Ալեքսանյանից եւ Միհրան Հարությունյանից հետո Հայաստանին երրորդ օլիմպիական վարկանիշը բերեց հունահռոմեական ըմբշամարտում:
75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց հունգարացի Պետեր Բաչիին: Եվ քանի որ վերջինը մտավ եզրափակիչ, Արսենը երրորդ տեղի եւ օլիմպիական ուղեգրի համար պայքարը շարունակելու իրավունք է ստացավ: Այդ ընթացքում նա սփոփիչ գոտեմարտերում միեւնույն 8-0 հաշվով առավելության է հասել խորվաթ Նեվեն Զագայի, ղրղըզ Սամատ Շիրդակովի, այնուհետեւ 9-0 հաշվով՝ ռումինացի Իլիե Կոջոկարի նկատմամբ եւ մաքուր երրորդ տեղի եւ վարկանիշի համար պայքարելու է Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Էիսելեի հետ:
Մեր մյուս ըմբիշները՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու Էդգար Խաչատրյանը՝ 130 կգ, դուրս են մնացել պայքարից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ