Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրով. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»

Ապրիլ 22,2016 14:05

Այսօր առավոտյան Հայաստանի ԱԳՆ-ում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որից 40 րոպե ուշացումով մեկնարկեց երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ մամլո ասուլիսը:

Սերգեյ Լավրովը իր ներածական խոսքում նշեց, որ բանակցությունները ցույց տվեցին, որ արդյունավետ են աշխատում Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ոլորտում եւ միջազգային կառույցներում, մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակներում, որում Հայաստանը ղեկավարում է այս տարի:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նա նախ ցավակցեց ապրիլյան բռնության բռնկման արդյունքում զոհվածների հարազատներին:

«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծման ուղի եւ պետք է հաղթահարվի բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: Այս փուլում մենք առաջնահերթ ենք համարում 1994 եւ 1995թթ. ընդունված համաձայնագրերի անվերապահ պահպանումը` զինադադարի ռեժիմի վերաբերյալ, որը պետք է բոլորի կողմից հարգվի: ՌԴ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահող` ամեն ինչ կանի, որպեսզի կողմերին աջակցի այս փուլում` վստահության ամրապնդման, անվտանգության միջոցների պահպանման, միջադեպերի ուսումնասիրության հարցում, որը համաձայնացվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից` ՌԴ միջնորդությամբ 2011 թվականին, որի կյանքի կոչման համար աշխատում էր ԵԱՀԿ-ն: Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք բանակցություններից արդյունքներից»,- ասաց Լավրովը:

Ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների առնչությամբ վերաբերող հարցին ի պատասխան Լավրովը նշեց. «Թուրքական ղեկավարության կողմից հայտարարությունները բացարձակ անընդունելի են, մի պարզ պատճառով, դրանք ուղղված էին ոչ թե խաղաղությանը, այլ` պատերազմին, հակամարտության ռազմական լուծմանը»: Նա նաեւ հավելեց, որ այս փուլում սկզբունքային են համարում, պետք է անել ամեն ինչ, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմի անվերապահ կայացումը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հարցում Ռուսաստանի հետագա կոնկրետ քայլերին անդրադառնալով` նշեց, թե սկզբունքային է համարում թույլ չտալ` այնպիսի խախտումներ, որոնք կվնասեն հրադադարի պահպանմանը: Նրա խոսքով` վերջին տարիներին Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցվել են քայլեր, որոնք պետք է կյանքի կոչել: «2011թ. ԵԱՀԿ-ն ճանապարհային քարտեզ էր պատրաստել, թե ինչպես է պետք առաջ ընթանալ այդ քայլերում։ Կարեւոր է, որպեսզի  Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտությունների կարգավորմանը, հետաքրքրություն ցուցաբերի նաեւ այստեղ: Պետք է նպաստենք, որպեսզի Բեռլինը գիտակցի իր պատասխանատվությունը», հայտարարեց Լավրովը։

Ի դեպ, Լավրովն այսօր Երեւանում նաեւ ամրագրեց, որ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930