Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կանայք հրաժարվում էին իրենց հասանելիքից՝ խնդրելով դրանք հասցնել սահմանի զինվորին (Ֆոտոշարք)

Ապրիլ 22,2016 13:01

Ապրիլյան պատերազմական օրերին Ազատագրված հայրենիքը շենացնող քաշաթաղցիները համախումբ մասնակցում են հայրենիքի և՛ պաշտպանությանը, և՛ շենացման աշխատանքներին: Ապրիլի 2-ին ստեղծվեց օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Հազարից ավելի կամավորներ մեկնեցին սահման, և շատերը դեռ այնտեղ են՝ նեցուկ հենակետի զինվորին:

Այս օրերին Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններից, Երևանի պետական համալսարանից և այլ կազմակերպություններից, Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից մեծ քանակությամբ սնունդ ու զինվորին անհրաժեշտ այլ պարագաներ են Բերձորում դասակարգվում և շրջանի համայնքների «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներով հասցվում զորամասեր ու մարտական հենակետեր:

Լինելով առաջնագծի տարբեր հենակետերում՝ հանդիպել եմ քաշաթաղցի շատ կամավորականների, ժամկետային զինծառայողների: Բոլորն էլ մի նպատակով են այստեղ՝ անառիկ պահել հայրենի սահմանը: Ստանալով թիկունքի օժանդակությունը՝ ոգևորվում են մեր պահապան-քաջերը: Ոգևորվում են հատկապես դպրոցականներից ստացված նամակ-ուղերձներից:

zinvor

Անցած օրերին Քաշաթաղի շրջվարչակազմում և այլ կազմակերպություններում աշխատող կանանց (շատերի հարազատները նույնպես առաջնագծում են) կողմից հազարից ավելի պոլիէթիլենային թիկնոցներ են կարվել, որոնք նույնպես հասցրել ենք առաջնագիծ:

DSCN0597 DSCN0591Շրջվարչակազմի տղամարդ աշխատակիցների մեծ մասը դիրքերում է, մնացածն զբաղված են թիկունքային աշխատանքներով: Օպերատիվ շտաբ է գործում նաև Իշխանաձոր գյուղում: Սնունդ է հատկացվում նաև շրջանի համայնքների բազմազավակ ընտանիքներին ու մարտական հենակետերում գտնվող կամավորականների ընտանիքներին:

Ապրիլի 18-20-ին մոտ 30 գյուղական համայնքում ԼՂՀ կառավարության և Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից հատկացված սննդի տոպրակները բաժանեցինք նշված ընտանիքներին. գործընթացը շարունակվում է: Այս անգամ էլ մեր բնակիչները հավաստեցին, որ այս հողի տերն են և ոչ-ոք ի զորու չէ հային դուրս քշել Արցախից:

DSCN1126 DSCN1096

Շատ կանայք, որոնց ամուսինները, որդիները, եղբայրները մարտադաշտում են, հրաժարվում էին իրենց հասանելիքից՝ խնդրելով դրանք հասցնել սահմանի զինվորին: Հպարտ են, որ իրենց հարազատները հենակետերում են. վստահ են՝ հայոց սահմանն անառիկ է մնալու:

Իշխանաձորում շրջվարչակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, որը նաև շտաբի պատասխանատուներից է, տեղեկացրեց, որ այս օրերին մեծ աշխատանք է իրականացվել նաև գյուղատնտեսական ոլորտում. կատարվել է հակահրդեհային միջոցառում՝ հացահատիկի ցանքատարածքների եզրերին աճած փշաթփերը (մոտ 300հա տարածք) սրսկվել են հատուկ քիմիկատներով: Իշխանաձորում բնակիչները մի քանի հեկտար սոխի և այլ մշակաբույսերի գարնանացան են կատարել՝ հավաստելով, որ սա է իրենց տունը: Շրջանի հյուսիսային գյուղերում բնակիչները խնձորի ու տանձի այգիներ են տնկում: Հարավային Կերեն համայնքն էլեկտրաֆիկացվեց հենց այս օրերին:

Բոլոր տեղերում էլ, ճիշտ է, մտահոգ են մարդիկ, որ եղան քառօրյա աննախադեպ իրադարձությունները, որ դեռ պարզ չէ հետագան, սակայն բոլորն էլ վստահ են ու հավատով, որ հաղթանակը մերն է լինելու, որ հայ զինվորն անառիկ է պահելու հայրենի սահմանը: Հավատում են նաև իրենց քաշաթաղցի կամավորականներին, որ նեցուկ են ժամկետային զինծառայողին նաև այժմ:

Ապրիլի 18-ին շրջանային բուժմիավորումում ծնվեց սիրիահայ ազատամարտիկ Անդրանիկ Չաուշյանի երկրորդ զավակը՝ Ավետիս որդին: Անդրանիկն այս պահին էլ մարտական հենակետում է: Շրջվարչակազմի կողմից Անդրանիկի կնոջը՝ Քրիստինեին հատկացվեց նվեր և դրամական օժանդակություն:

DSCN1429Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ այցելեցինք բուժմիավորում՝ հանձնելու նվերները: Բուժմիավորման տնօրեն Կարեն Գրիգորյանի և գինեկոլոգ Լիանա Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցինք հիվանդասենյակ: Դ. Դավթյանը շնորհավորեց նորածնի մորը, մաղթեց բարին: Քրիստինեն հպարտ է, որ ամուսինը հայրենի երկրի պահապանների շարքում է, և զինվորական հագուստով էր բարուրել նորածին որդուն՝ հավատով, որ նա նույնպես հոր նման հայրենասեր ու համարձակ է լինելու: Մաղթեց, որ բոլոր կամավորականներն անփորձանք տուն գան, երկրին տիրի խաղաղություն, որ բոլոր երեխաները հասակ առնեն կապույտ երկնքի տակ: Իրենց նորածին հարազատին տեսակցելու էին եկել նաև Անդրանիկի մայրն ու 3-ամյա դուստրը: Երջանիկ էին զինվորի մայրն ու դուստրը և հպարտ Անդրանիկով:

Քաշաթաղի շրջվարչակազմի միջնորդությամբ ապրիլի 21-ին Գլենդելից Բերձոր հասցվեց 100 հատ քնապարկ, որը շուտով կհասցվի առաջնագիծ: ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի և Ստեփան Սարգսյանի օգնությունն է, ովքեր մշտապես են աջակցել Արցախին. Քաշաթաղում նրանց հովանավորությամբ հիմնակառուցվել են Լեռնահովիտի, Վուրգավանի միջնակարգ դպրոցները, նորոգվել է Վակունիսի կրթօջախը, կառուցվում է Հերիկի դպրոցը: Կազմակերպությունն իրականացրել է բարեգործական այլ ծրագրեր՝ օժանդակելով մանկապարտեզներին, համայնքներին, անհատներին: Այժմ էլ «Հայրենասեր»-ը զինվորին անհրաժեշտ պարագաներով է օգնում Հայոց բանակին. 100 հատ քնապարկը դեռ սկիզբն է, կա ծրագիր՝ դրամական օժանդակություն հատկացնել քառօրյա պատերազմում նահատակված զինվորների ընտանիքներին, որն արդեն իրականացվում է:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930