Կիևի քաղաքապետ, նախկինում հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, հեծանիվով աշխատանքի գնալիս, վայր է ընկել։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ուկրաինական Vesti.ua կայքին։
Վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ Կլիչկոն հեծանիվով փորձել է բարձրանալ մայթի վրա, բայց քաղաքապետին չի հաջողվել իրականացնել իր մտածածը, որի հետևանքով վայր է ընկել հեծանիվից։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Կլիչկոն աշխատանքի է գնում հեծանիվով, այնուամենայնիվ, նրան ուղեկցում են թիկնապահները, որոնք, փաստորեն, չեն կարողացել կանխել վթարը։
Ականատեսների վկայությամբ՝ երբ Կլիչկոն ընկել է հեծանիվից, անցորդները շտապել են օգնության իրենց քաղաքապետին, բայց Կլիչկոն ինքնուրույն բարձրացել է, թափ տվել շորերը և շարունակել վարել իր հեծանիվը։
Կարդացեք նաև
Հեծանիվով երթևեկելու իր որոշման մասին Կլիչկոն հայտնել էր 2016թ. ապրիլի 19-ին։ Կիևի քաղաքապետը երթևեկում է Gocycle մակնիշի հեծանիվով, որի գինը Կիևում սկսվում է 4,500 եվրոյից։