Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «ՀԱՊԿ-ի փաստաթղթի վերաբերյալ շատ լուրջ բանավեճեր են ընթանում». «Իրատես»

Ապրիլ 22,2016 12:06

 «Իրատեսի» հյուրն է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Այսօր կրկին կանգնած չե՞նք նման վտանգի առջև: Հրադադարին հաջորդած օրերին շրջանառվող «Մենք բուշլատներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք» պատկերավոր խոսքը նույնքան ակտուալ չէ՞ այսօր։

– Նման հարցերը միանգամից չեն լուծվում, հիմա շատ խնդիրներ կան, որ պետք է հաղթահարի Հայաստանը։ Հիմա դիվանագիտության խնդիրն է ներկայացնել ամբողջ աշխարհին, թե ինչ կատարվեց։

Միջազգային ատյաններում ոչ մեկը չի ուզում ընդունել այն, ինչ իրականում կատարվեց։ Անգամ Պուտինը, որ կանգնեցրեց դա, չի ուզում բարձրաձայնել կատարվածի մասին ճշմարտությունը, չի ասում, թե ով է առաջինը հարձակվել։

– Եթե մենք պատերազմական գոտում հաղթանակող դուրս չգայինք, և Ադրբեջանը կարողանար մտնել Ղարաբաղ, հասնել իր նպատակին, Պուտինը կկանգնեցնե՞ր ագրեսորին, թե՞ դա արվեց, որովհետև մենք, որքան էլ անսպասելի էր, կարողացանք մեր ուժերով հետ մղել թշնամուն։

– Եթե խոսենք միջազգային դիվանագիտության լեզվով, պիտի ասենք, որ Ռուսաստանը երբեք չի խառնվել ու չի խառնվելու Ղարաբաղի ազատագրման, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման գործին։ Կխառնվի այնքանով-որքանով՝ պահելով հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ուրիշ բան, եթե Հայաստանն ինքը մտնի պատերազմական գործողությունների մեջ և խնդրի ՀԱՊԿ-ին միջամտել։ Իսկ սա նույնպես խոսակցության շատ լուրջ թեմա է։ Արդյոք կգործի՞ այդ մեխանիզմը։ Հիմա ՀԱՊԿ-ի փաստաթղթի վերաբերյալ շատ լուրջ բանավեճեր են ընթանում, փորձում են հասկանալ, թե ինչու է այն ստորագրվել։

Փորձենք հասկանալ, թե ինչու է Ռուսաստանն Ադրբեջանին զենք տալիս։ Այսօր բոլոր խոսակցությունների առանցքը դա է, չէ՞։ Ամեն ինչ գալիս է ոչ պրոֆեսիոնալիզմից։ Երբ Հայաստանը ստորագրում էր ՀԱՊԿ-ի փաստաթուղթը, նախ պետք է ուշադիր կարդար, թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Դա կոլեկտիվ անվտանգությանը միտված փաստաթուղթ է, ուրեմն պետք էր ուսումնասիրել համանման այլ փաստաթղթեր, տեսնել, թե ինչ կետեր են պարունակում այդպիսիք։

Եթե իմանային, թե ՆԱՏՕ-ն ինչպես է կարգավորում իր հարցերը, կարծում եմ, որ հայերը չպիտի ստորագրեին այդ փաստաթուղթը։ ՆԱՏՕ-ն ունի կետ, համաձայն որի՝ որևէ պետություն իրավունք չունի դառնալու այդ ալյանսի անդամ, եթե կոնֆլիկտի մեջ է իր տարածաշրջանի մեկ այլ պետության հետ։ Վրաստանը և Ուկրաինան Ձեզ օրինակ։ ՀԱՊԿ-ն այդպիսի կետ չունի, և մենք դրան ուշադրություն չդարձրինք։ Կամ՝ ՀԱՊԿ-ի անդամին հակացուցված չէ մեկ այլ կազմակերպությանը հարելը, անգամ եթե նա իր անդամի դեմ է աշխատում։

Ու հիմա Ղազախստանը ակտիվ գործում է Իսլամական համագործակցության դաշտում, որը մեկը մյուսի հետևից հակահայկական որոշումներ է կայացնում, և դրա դեմ ոչինչ չես կարող անել։ Ինչպես նաև ՀԱՊԿ-ը չի բացառում, որ իր անդամի և այլ միջազգային իրավունքի սուբյեկտի միջև եղած հակասությունների պարագայում մեկին կամ մյուսին զենք վաճառվի։ Դե, Ռուսաստանն էլ վաճառում է։

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930