Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները: Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։
Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ.Բարեյանը ձերբակալվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե