«Ժողովուրդ»-ը զրուցել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:
-Պրն Սվիտալսկի, հատկապես վերջին զարգացումներից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ կա, սակայն փոքր չէ նաեւ ԵՄ-ից դժգոհությունը այն համատեքստում, որ ԵՄ-ն մշտապես ագրեսոր Ադրբեջանին դիտարկում է ժողովրդավարության հետ, այո, խնդիրներ ունեցող, բայց այդուհանդերձ, անհամեմատ ավելի ազատ եւ դեմոկրատ Հայաստանի հետ նույն հարթությունում։ Չեք կարծո՞ւմ, որ անհրաժեշտ է վերանայել այդ մոտեցումը։
– Այս հակամարտության առնչությամբ ԵՄ-ի նկատմամբ ցանկացած քննադատություն անարդար է, որովհետեւ, ինչպես ասացի, ԵՄ հավատարիմ կերպով աջակցում է Մինսկի խմբի ջանքերին, եւ սա մի բան է, որից Հայաստանի կառավարությունը եւ հայ պաշտոնյաները գոհ չեն։
Մենք շատ ներդրումներ ենք կատարում վստահության կառուցմանն ուղղված նախաձեռնություններում՝ փորձելով ֆինանսապես աջակցել երկու երկրների քաղաքացիական կապի հաստատմանը, ընդ որում, ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի։ Հնարավորության սահմաններում անում ենք ամեն ինչ տարածաշրջանում եւ դրանից դուրս խաղաղության հաստատման համար։
Կարդացեք նաև
Անդրադառնալով տարբեր երկրների նկատմամբ մոտեցմանը՝ ԵՄ-ն որոշ ժամանակ առաջ որդեգրել է այլ մոտեցում, մեր վերաբերմունքը մեր գործընկերների նկատմամբ ձեւավորվում է՝ հաշվի առնելով արժանիքների վրա հիմնված յուրաքանչյուր անհատական դեպք։ Մենք ունենում ենք անկեղծ երկխոսություն։
Եթե հետադարձ հայացք գցեք եւ տեսնեք, թե ԵՄ-ն ինչպես է գնահատում երկու երկրների՝ մասնավորապես մարդու իրավունքների ոլորտի վիճակը, տարբերություն կնկատեք։ Հենց հիմա կարող եմ անմիջապես հիշատակել, թե՛ նախկին, թե՛ այժմյան գերագույն հանձնակատարների հայտարարությունները՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, քաղբանտարկյալների հետ։ Համեմատեք Հայաստանում տիրող իրավիճակի հետ, տարբերություն կտեսնեք։
Ես հասկանում եմ, որ հակամարտությունների ժամանակ գլուխ է բարձրացնում հուզականության, հիասթափության զգացումը, որը երբեմն արդարացված է, երբեմն ոչ, սակայն մենք պետք է վերահսկենք մեր հույզերը, փորձենք գտնել լուծում, որովհետեւ այս հակամարտությունը չլուծված թողնելը, անգամ այն ժամանակ, երբ կրակոցներ չեն հնչում, կնշանակի, որ յուրաքանչյուր նոր սրացում կարող է ավելի աղետալի լինել։ Հարցի խաղաղ կարգավորումը կարող է շահեկան լինել տարածաշրջանի եւ Հայաստանի համար։ Դա կլինի նոր փուլ Հայաստանի զարգացման մեջ՝ տնտեսություն, սոցիալական զարգացում եւ այլն:
Զրուցեց Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում