Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Այն, որ ՌԴ-ն Ադրբեջանին ցանկանում է տեսնել ԵՏՄ կազմում, նորություն չէ». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 22,2016 11:35

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի հետ:

ՀՀ իշխանություններն ի՞նչ ակնկալիքներ կամ մտավախություններ ունեն Լավրովի այցից, եթե նկատի առնենք, որ ՌԴն ցանկանում է Ադրբեջանին տեսնել ԵՏՄ կազմում, իսկ այդ երկիրը համաձայնում է դա անել ԼՂՀ հարակից տարածքների հարցում որոշակի զիջում ստանալու պայմանով։

– Անշուշտ, ՌԴ-ն ունի ԼՂՀ հակամարտությունը կարգավորած տեսնելու ցանկություն, ու դրա համար տարիներ շարունակ ջանքեր է գործադրում Մինսկի խմբի շրջանակում։ Վերջին իրադարձությունները ՌԴ-ին տվեցին ավելի ինքնուրույն քայլեր անելու հնարավորություն։

Բայց մենք պետք է հստակ փաստենք մի բան՝ ԼՂՀ հակամարտության լուծումը Մինսկի խմբի ֆորմատում է։ Այդ խմբի անդամ որեւէ երկիր եթե որոշակի նախաձեռնություն ունի, ապա պետք է համագործակցի մյուս երկու երկրների հետ։ Ես չեմ կարծում, որ այդ երեք երկրներից որեւէ մեկը կարող է առանձին պարտադրանքներ ներկայացնել։ Եվ անկախ ՌԴ-ի՝ ԼՂՀ հարցը լուծված տեսնելու ցանկությունից, կարեւորը հայկական կողմի դիրքորոշումն է։

Ի վերջո, կա հստակ պայման, որ հարցը պետք է լուծվի միջազգային երեք՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների շրջանակում։ Դրանից որեւէ մեկի բացակայությունը նշանակում է, որ ամբողջական շղթան թերի է։ Այսինքն, հենց այնպես խոստումների դիմաց որեւէ տարածքի զիջում չի կարող լինի։ Եվ եթե լինի որեւէ առաջարկ, որը հակասում է հայկական կողմի դիրքորոշումներին, այն պետք է մերժել։ Զիջումը կարող է տեղի ունենալ միայն ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում։

Իշխանությունները ունե՞ն մտավախություն, որ Ադրբեջանին ԵՏՄ բերելու համար ՌԴն հայկական կողմին ԼՂՀ հարցում տարածքային զիջումներ կպարտադրի։

– Այն, որ ՌԴ-ն Ադրբեջանին ցանկանում է տեսնել ԵՏՄ կազմում, նորություն չէ։ Այն, որ Ադրբեջանը կարող է քննարկել ԵՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը, դա էլ իր իրավունքն է, բայց այդ հարցը որեւէ կերպ չի կարող լինել հայկական կողմի շահերի հաշվին։

Բայց ՌԴն էլ հայկական կողմի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի։ Օրինակ, կարող է հերթական անգամ ուշացնել զենքի մատակարարումը։

– Իհարկե, ՌԴ-ն հայտարարում է, որ ունի Ադրբեջանին զենք վաճառելու իրավունք, որ եթե ինքը չվաճառի, ուրիշը դա կանի, բայց դա մեզ համար անընդունելի է: ՌԴ-ն նաեւ ասում է, որպես խաղաղության երաշխիք կողմերի միջեւ պետք է ռազմական հավասարակշռություն պահպանել։ Այդ հավասարակշռության խախտման դեպքում է, որ Ադրբեջանի մոտ առաջացել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու ցանկություն։ Մենք ասում ենք, եթե Ադրբեջանի զենքի մատակարարումը ձեր ձեռքում պահելու խնդիր ունեք, ապա բարի եղեք ձեր խոստման համաձայն՝ պահպանել նաեւ ռազմական հավասարակշռությունը։ Իմ կարծիքով, հավասարակշռությունը խախտված է թեկուզ 200 մլն դոլար զենքի մատակարարման ուշացման պատճառով:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930