Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Երիտասարդ դիվանագետներ միջազգային կրթական ծրագրի» շրջանակներում հանդիպել է ավելի քան 200 երիտասարդ դիվանագետների հետ, որոնց առջև ելույթ ունենալով, խոսել է տարբեր թեմաների մասին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Վերոնշյալ ծրագիրը կազմակերպվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի նախաձեռնությամբ, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ դիվանագետները։
Ներկաների առջև ելույթ ունեցող Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ասելով. «Մենք ականատես եղանք, թե ինչպես խախտվեց հրադադարը Լեռնային Ղարաբաղում։ Ցավոք, Հայաստանը խախտեց հրադադարը։ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթումն անընդունելի է»։
Չավուշօղլուն իր խոսքում անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին՝ նշելով, որ Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշման հետևանքով տուժել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։