Ղազախստանի արտաքին գործերի նախարար Եռլան Իդրիսովը ելույթ է ունեցել Աստանայում ընթացող Եվրասիական 13-րդ մեդիաֆորումի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Interfax.kz կայքը։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներն օրինակ են ծառայել ԵԱՏՄ-ի ձևավորման գործում։ Արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ աշխարհում դեռևս չի ստեղծվել պետությունների միավորման ավելի լավ ձևաչափ, քան Եվրամիությունը։ Իդրիսովի խոսքերով՝ «Եվրամիությանը հաջողվել է կառուցել տնտեսական և քաղաքական ինտեգրացիա, որն ապահովում է աշխարհի և ավելի քան 500 միլիոն մարդու զարգացում և բարգավաճում»։ Ըստ Ղազախստանի ԱԳ նախարարի՝ այս է պատճառը, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Եվրամիության հետ հարաբերություններին։
Նախարար Իդրիսովը խոսել է նաև ԵԱՏՄ ստեղծման և այդ կազմակերպության գրանցած հաջողությունների մասին, ասելով, որ ԵԱՏՄ-ն բավականին գրավիչ կազմակերպություն է և իր ասածի լավագույն վկայությունն այն է, որ անցյալ տարի Հայաստանն ու Ղրղզըստանը ցանկություն հայտնեցին անդամակցել այդ կազմակերպությանը։