27-ամյա կապիտան Հովսեփ Կիրակոսյանը վեց ամսից մայորի կոչում կստանար, եթե չարաբաստիկ պատերազմը չխլեր նրա կյանքը։ Դեմ գնալով ծնողների ցանկությանը, ընտրել էր սակրավորի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը եւ զինվորագրվել հայրենապաշտպանության սուրբ գործին։
Որդու հերոսական մահվան լուրը մայրն իմացել է ամսին 2-ին։ «Երբ Հովսեփը նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ասել է՝ թիրախը ես եմ, ու 25 զինվորներին դուրս է հանել։ Դրանից հետո ռմբակոծել են վաշտն էլ, իր աշխատասենյակն էլ»,- պատմում է մայրը։
Ծանր վիրավորված կապիտանը, սակայն, չի ընկրկել։ Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ եւ հակառակորդին մոտ չթողնի, եւ ինքը գերի չընկնի։
Հերոսի մահով ընկած կապիտան որդու անդառնալի կորուստը ոչնչով չի մեղմում սեւազգեստ մոր սիրտը։ Անհայր մեծացող թոռնիկների կարոտի կանչերն էլ մի կողմից են ցավ պատճառում։ «Երեխաներին դեռ չենք ասել, որ իրենց հայրը զոհվել է։ Մեծ տղան 4 տարեկան է, փոքրը՝ 2,7։ Իրենք սպասում են իրենց պապային, էդ սպասումը ո՞նց խաթարես, ի՞նչ խոսքերով ասես, որ ձեր պապան էլ չի գալու, որ իրեն էլ չեն տեսնելու։ Մեծ տղան ասում է՝ հեսա պապաս թուրքերին սպանելու ա ու շուտ գա։ Հոր գլխարկը դնում՝ ման է գալիս։ Ասում է՝ մեծանալու եմ, պապայիս նման զինվոր դառնամ, թուրքերին սպանեմ»։
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում