Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ցանկացած ակտիվ կամ թեժ փուլում տարածքային զիջումների կամ փոխզիջումների խնդիրը դարձել է ամենաակտիվ շոշափվող թեմաներից մեկը, և ոչ միայն զարմանալի ոչ մի բան չկա այն հարցում, որ այսօր այդ խնդիրը ևս դարձել է ակտիվ քննարկումների առարկա, այլ միանգամայն սպասելի էր, որ հենց այդպես էլ կլինի:
Եվ այս իմաստով արդեն երևի թե չարժե առանձնակի քննարկել, թե հատկապես ում նախաձեռնությամբ է խնդիրը հայտնվել օրակարգում, ով է գեներացրել ակտիվ քննարկումները՝ միջնորդնե՞րն են նրանք, թե՞ նրանցից մեկը, իսկ գուցե Հայաստանի իշխանությունները: Այս ամենը, ըստ էության, երկրորդական նշանակություն ունի գլխավոր խնդրի համեմատ՝ հասկանալ, թե որտեղ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահը, անվտանգությունը և ինչ է պահանջվում դրա համար:
Եվ այս տեսանկյունից, այն բանից հետո, երբ քառօրյա պատերազմի ընթացքում մոբիլիզացվեց գրեթե ամբողջ ազգը, հերոսաբար կռվեցին հայ զինվորները, կամավորները, հրամանատարները, իսկ նրանցից մի քանի տասնյակն էլ զոհեցին իրենց կյանքը, Հայաստանի շահն ու անվտանգությունը պահանջում են նախ՝ շտապ դադարեցնել տարածքների զիջման կամ փոխզիջման մասին խոսակցությունները: Դա է պահանջում անվտանգության հրամայականը, ինչպես նաև տարրական հարգանքը զոհերի հիշատակի հանդեպ:
Եվ ուրեմն՝ որքան բնական է, որ հարցը տարերայնորեն պետք է դառնար քննարկման առարկա, նույնքան բնական պետք է լինի այդ քննարկումները թողնելը: Մեծ հաշվով, այդ քննարկումները, ըստ էության, պատերազմի շարունակություն են, այսինքն՝ եթե քառօրյա պատերազմից հետո հայաստանյան հասարակության դիսկուրսը դա է, ուրեմն պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվում է: Այսօր չի կարող այլ դիսկուրս լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, քան տնտեսական զարգացմանն ուղղված շուտափույթ քայլերի վերաբերյալ քննարկումները, պահանջները, գաղափարական, մտավոր գրոհները կառավարության վրա:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում