Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական անգամ Ռուսաստանը կրակը հանգցնում է բենզինով»

Ապրիլ 22,2016 17:00

Ուկրաինայի Բանակի, կոնվերսիայի, զինաթափման ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Վոլոդիմիր Սոլովյանի հետ «Առավոտը» զրուցել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերսկսված քառօրա պատերազմի, դրան նախապայման դարձած իրադարձությունների եւ սպասվող հնարավոր հետեւանքների մասին: Ներկայացնում ենք թեմայի շուրջ նրա դիտարկումները:

«Ռուսական իշխանությունների ցինիզմը եւ Արեւմուտքի պասիվությունը արձակեցին
ուժի ձեռքերը»

– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երկար տարիներ եղել է «սառեցված» հակամարտության օրինակ: Բայց ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հերթական անգամ հիշեցրեց միջազգային հանրությանը, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում «գորդյան հանգույցը» բացված չէր դեռեւս 1994 թվականի մայիսի 12-ից հետո, երբ ուժի մեջ մտավ «Հրատապ հրադադարի համաձայնագիրը»:

Իրականում ամեն տարի երկու կողմերում էլ զոհվում են տասնյակներով զինվորականներ: 2013 թվականին բախումներն այնքան հաճախակի էին, որ լուրջ բախման կրկնությունը միանգամայն իրատեսական էր դարձել: Բայց դա չկանգնեցրեց Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը: Չնայած խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր հռչակագրային պայմանավորվածություններին՝ Կրեմլը միշտ ցանկանում է տարածաշրջանում անկայունություն պահպանել եւ երկար տարիներ փայտ է գցում հիմնախնդրի «մխացող կրակի» մեջ: Միանգամայն ակնհայտ է, որ այդպես Ռուսաստանը ցանկանում է կապել Ադրբեջանին եւ Հայաստանին իր ներքին քաղաքականության «սայլին», որն այսօր վերջնականապես խրվել է նեոկայսերական հավակնությունների եւ հետխորհրդային ռեւանշիզմի ճահճում: Մյուս կողմից՝ Հայաստանը դուրս է մղված էներգետիկ-տրանսպորտային նախագծերից, որոնցում մասնակցել են արեւմտյան ընկերություններ (Հարավկովկասյան գազամուղ, Nabucco նախագիծ): Բրյուսելը հենց Բաքվի հետ ստիպված է «սիրախաղ անել», չէ՞ որ Ադրբեջանն է վերահսկում Հարավկովկասյան գազաբաշխիչ միջանցքի արեւելյան հատվածը՝ միակ անվտանգ ճանապարհը Կասպից ծովի եւ Իրանի էներգետիկ ռեսուրսների համար:

Ռուսական իշխանությունների ցինիզմը եւ Արեւմուտքի պասիվությունը արձակեցին բռնության ձեռքերը, որոնք կողմնակից են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհին: Շնորհիվ նավթադոլարների հոսքի՝ Բաքուն կարողացել է մեծացնել իր ռազմական հնարավորությունները՝ ինչպես քանակային, այնպես էլ որակային առումով: Բնական է, առաջացավ ցանկություն արդեն «գործնականում» ցուցադրելու կուտակված ռազմական պոտենցիալը եւ ստիպել Հայաստանին նահանջել մի քանի սկզբունքային հարցերում:

Այս սցենարի դեմ ամենագլխավոր փաստարկը եղել եւ մնում է այն, որ տարածաշրջանում անկայունությունը սպառնալիք կդառնա Ադրբեջանի՝ էներգետիկ տարանցիկության համար: Բայց Բաքվում դա հաշվի առան, երբ Ադրբեջանի տնտեսության համար շատ կարեւոր Տրանսանատոլիական գազատարին (TANAP) մրցակից դարձավ «Ռուսական հոսք» («Южный поток») ռուսական նախագիծը, որը 2015 թվականի սկզբին վերափոխվեց «Թուրքական հոսք»-ի: Բայց Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո պետք է խաչ քաշել Կրեմլի՝ սեւծովյան տարածաշրջանի նախագծերի վրա: Անկարայի եւ Մոսկվայի առճակատումը, միեւնույն ժամանակ, հարմար առիթ է Բաքվի համար խաղալ հակամարտող պետությունների հետ, որոնք 19-րդ դարից սկսած մրցակցում են Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու համար:
Այսպիսի արտաքին քաղաքական իրավիճակների համընկնումներն էլ որոշեցին իրադարձությունների այսպիսի զարգացումը:

«Հիմնախնդրի ավելի ընդունելի լուծում կարող է դառնալ ԵԱՀԿ-ի ոստիկանական առաքելությունը»

– Ավելի քան երկու տասնամյակ մշտական համանախագահող երկրներով ձեւավորված ԵԱՀԿ ՄԽ-ը այդպես էլ չկարողացավ ստեղծել միասնական մոտեցումներ արտաքին քաղաքականության մեջ: Հակառակը՝ այսօր մենք ավելի շատ դարձել ենք դեռեւս «սառը պատերազմի» ժամանակներից սկսած Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եկած անվստահության ճգնաժամի ականատեսը: Հետեւաբար հարց է առաջանում՝ կցանկանա՞ն արդյոք բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, որը Հարավային Կովկասը դիտում է որպես իր տնտեսական եւ քաղաքական ազդեցությունների շրջան, մի կողմ գցել ապակառուցողական հավակնությունները եւ առաջարկել ճգնաժամի կարգավորման իրական մեխանիզմ:

Այժմ բանակցային գործընթացի հիմքում դրված են Մադրիդյան սկզբունքները: Այդ փաստաթուղթը ի հայտ է եկել 2007 թվականին, բայց մինչ այժմ դրա իրականացման ձեւաչափը գտնված չէ, որը ձեռնտու կլինի ե՛ւ Երեւանին, ե՛ւ Բաքվին: Ակամայից զուգահեռ կարելի է անցկացնել Դոնբասի շուրջ Մինսկի պայմանավորվածություններին, որոնք պարունակում են բազմաթիվ հակասություններ եւ մեծ մասամբ մերժվում են:
Մոսկվան արդեն առաջարկել է միջազգային խաղաղապահների տեղակայման սեփական առաջարկի մեկնաբանությունը՝ առաջարկելով տեղակայել ռուսական խաղաղապահ ուժերին: Այժմ նման հայտարարություններ են արվում հակամարտության երկու կողմերի վրա լրացուցիչ ճնշում ավելացնելու նպատակով: Բայց եթե նման սցենարն իրականանա, Մոսկվան կստանա բոլոր լծակները՝ ազդելու Լեռնային Ղարաբաղում եղած իրավիճակի վրա: Վերջին շաբաթներին հստակ ցուցադրվեց, որ Ռուսաստանը մտադիր չէ ներկայացնել Հայաստանի շահերը, ինչպես ակնկալում էին հայաստանյան իշխանությունները՝ ԵվրԱզԷս-ին միանալով եւ Գյումրիում ռուսական բազայի ներկայությունը երկարացնելով մինչեւ 2044 թվականը: Այդ պատճառով ռուսական ուժերի կոնտինգենտի մասին նախնական համաձայնությունը, որը տվել է պաշտոնական Երեւանը, զարմանք է առաջացնում:
Ես կարծում եմ, որ ավելի ընդունելի լուծումը, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շրջանում ապառազմականացմանը, կարող է դառնալ ԵԱՀԿ-ի ոստիկանական առաքելությունը, որտեղ ռուսական կողմը չի ունենա մենաշնորհային կարգավիճակ:
Դոնբասում պատերազմի ժամանակ Ուկրաինան մեկ անգամ չէ, որ բարձրացրել է այդ հարցը, բայց այս նախաձեռնությունը առայժմ համապատասխան հասկացվածության չի արժանացել բանակցային գործընթացի այլ մասնակիցների կողմից: Բայց միավորելով ուժերը՝ մեր երկրները կարող էին համոզել Արեւմուտքին, որ ԵԱՀԿ-ի գործիքակազմը ընդլայնելն անհրաժեշտություն է:

Իսկ մինչ այդ ռազմական հակամարտության կողմերը՝ ինչպես ԼՂ-ում, այնպես էլ Դոնբասում, բաժանված կլինեն միմյանցից 100 մետրանոց հեռավորության վրա գտնվող կրակող տարածքներով, իսկ զինադադարը կմնա միայն թղթի վրա:

«Հերթական անգամ Ռուսաստանը կրակը 
հանգցնում է բենզինով»

– Գաղտնիք չէ, որ համեմատած Հայաստանի հետ՝ Ադրբեջանին ավելի մեծ ռազմական ժառանգություն է հասել խորհրդային տարիներից: Չնայած դրան՝ ռազմական արշավներում Հայաստանը մինչեւ 1994 թվականը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր շահերը Լեռնային Ղարաբաղում, այլ նաեւ ընդլայնել վերահսկվող տարածքը:
Այնուամենայնիվ, էներգետիկ ռեսուրսների միջազգային գների թանկացումը վերջին տարիներին Բաքվին թույլ տվեց զգալիորեն մեծացնել ռազմական բյուջեն: Այսօր նրա ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ծախսերին երեք անգամ: Հենց այս ընթացքում կնքվեցին ռուսական զենքի գնման ամենակարեւոր պայմանագրերը: Իհարկե, զինելով Ադրբեջանին՝ Կրեմլում չէին կարող չհասկանալ, որ վաղ, թե ուշ այն օգտագործվելու է Լեռնային Ղարաբաղում՝ լիարժեք մարտական գործողություններում: Ստացվում է, որ հերթական անգամ Ռուսաստանը կրակը հանգցնում է բենզինով:
Մոսկվան իրեն արդարացնելու համար բերում է անհեթեթ փաստարկներ, ասում են, թե նրանց զենքը կախման մեջ կդնի Ադրբեջանին ռուսական զինատեսակներից: Բայց դա ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազմանը՝ մշտական «խրամատային պատերազմի» պայմաններում:

Ավելին՝ Կրեմլը ցուցադրում է իր ամբողջ արհամարհանքը այն երկրի ազգային շահերի նկատմամբ, որի տարածքում նա վարձակալել է ռազմական բազա. ռազմական գործողություններից հետո՝ չսպասելով անգամ բանակցությունների մեկնարկին, Դմիտրի Ռոգոզինը հայտարարում է, որ Մոսկվան շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին: Ռուսաստանի այդպիսի դիրքորոշումը վերջնականապես կործանում է դաշնակցային հարաբերությունները՝ կարծես վերածելով այն ավատատեր-վասալ հարաբերությունների:

«Հայաստանի հետ Իրանի համագործակցությունը
կարող է հանել Հայաստանին մեկուսացումից»

– Էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը միացնում է Պարսից ծոցն ու Սեւ ծովը, զգալիորեն կփոխի ոչ միայն Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, այլ նաեւ մի շարք հարեւան տարածաշրջաններ: Հայաստանից Վրաստան ճանապարհը կարող է դառնալ այլընտրանքային երթուղի իրանական կապույտ վառելիքի՝ Եվրոպա եւ Բալկանյան թերակղզի տեղափոխման համար՝ շրջանցելով թուրքական Քրդստանի անկայունության օջախները:

Հայաստանյան էներգետիկ կամրջի ստեղծման գլխավոր խոչընդոտը Վրաստանում Հեղուկ բնական գազի տերմինալի բացակայությունն է՝ սպառող երկրներին գազը փոխադրելու համար: Բայց ամերիկյան Frontera Resources Corporation ընկերության կողմից Հարավային Կախեթիում 5.3 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ հայտնաբերելուց հետո այդ խնդիրը հնարավոր է՝ շուտով լուծվի:

Ուկրաինական իշխանությունները դեռ անցած ամռանը հուշագիր են ստորագրել Frontera Resources Corporation-ի հետ Հեղուկ բնական գազի տերմինալի կառուցման համար: Հաշվի առնելով այն փաստը, որ չնայած վերջին շրջանում Կիեւի եւ Անկարայի մտերմությանը («թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքով), Թուրքիան չի պատրաստվում բացել Բոսֆորը հեղուկ գազով տանկերների համար, առաջիկայում Ուկրաինան Սեւ ծովի միջոցով կարող է գազ ստանալ Կասպից ծովից կամ նորաբաց վրացական հանքերից: Վերջինիս զարգացումը կօգներ նաեւ Հայաստանին քչացնել ռուսական գազից իր կախվածությունը:

Բայց առայժմ Վրաստանը գազ արտահանող երկիր դարձնելու հստակ քայլեր չեն նախանշվում. Հայաստանի հետ Իրանի համագործակցությունը կարող է Պարսից ծոցի եւ սեւծովյան ավազանի էներգառեսուրսների միջեւ սերտ կապերի հիմք դնել: Այսպիսի նախագծի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա կոտրել այն մեկուսացումը, որտեղ նա հայտնվել է աշխարհաքաղաքական գործոններով եւ իշխանությունների ոչ հեռատես ներքին քաղաքականությամբ պայմանավորված: Իհարկե, այսպիսի սցենարը հակասում է Կրեմլի շահերին: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ Հայաստանը շարունակի մնալ իր քաղաքականության պատանդը Հարավային Կովկասում:

«Ուկրաինան չի ընդունի
նման Ռուսաստանի
կողմից տարվող ֆարսը»

– Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ինչպես Ուկրաինայում՝ Հակաահաբեկչական գործողությունների գոտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, ռազմական բախումները ամբողջ սահմանի երկայնքով չեն լինում, կան շփման գծի ինչպես հարաբերական հանգիստ հատվածներ, այնպես էլ «տաք կետեր»: Այսօրվա դրությամբ այդպիսիք են շարունակում մնալ ուկրաինական բանակի դիրքերը Դոնեցկի ծայրամասում՝ Մարիուպոլին մոտ: Այս ուղղություններում ԵԱՀԿ-ի մոնիտորինգային առաքելությունը իր աշխատանքում ավելի մեծ դժվարությունների է հանդիպում, իսկ ծանր զինտեխնիկան, որը, ըստ զինադադարի պայմանների, պետք է հետ տարվեր շփման գծից, ակտիվ օգտագործվում է:
Ուկրաինական կողմի տասնյակ զինվորականների զոհվելը այն հրետակոծությունների հետեւանքով, որ ամեն օր Դոնբասում իրականացնում են պրոռուսական զինյալները, մշտապես հիշեցում է, որ Մինսկի պայմանավորվածությունները չեն աշխատում: Գլխավոր պատճառն այն է, որ այսօրվա դրությամբ պայմաններ ստեղծված չեն Դոնբասում ուկրաինական օրենսդրությամբ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

Մինսկի պայմանավորվածությունների համաձայն՝ Ուկրաինան կարող է վերականգնել ամբողջական վերահսկողությունը Ռուսաստանի հետ իր պետական սահմանի երկայնքով միայն Դոնբասում ընտրություններից եւ զինյալների համաներումից հետո: Միեւնույն ժամանակ, ամեն օր Կիեւի վերահսկողությունից դուրս ուկրաինա-ռուսական սահմաններում աշխատում է «վոյենտորգ», իսկ այսպես կոչված՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարությունները բացահայտ ժխտում են ուկրաինական կուսակցությունների կամ ԶԼՄ-ների մասնակցությունը ընտրություններում, ինչը որ նախատեսված էր Մինսկի համաձայնագրում: Ակնհայտ է, որ Ուկրաինան չի ընդունի նման ֆարսը:

Կարծում եմ՝ Կրեմլը դա շատ լավ հասկանում է, բայց շարունակում է զբաղվել կեղծավորությամբ ՝ պնդելով Մինսկի պայմանավորվածությունների իրագործման Համալիր միջոցառումների կետերի առաջնայնությունը: Իսկ այդ ընթացքում Դոնբասի օկուպացված տարածքների բնակչությունն աստիճանաբար ներգրավվում է Ռուսաստանի տնտեսական եւ մտավոր տարածության մեջ:

Մինչդեռ ուկրաինական իշխանություններն այնքան տարվեցին ներքաղաքական պայքարով՝ «կոալիցիա», «հաշտեցում», որ Մինսկի պայմանագրի իրականացումը երկրորդ պլան մղվեց: Իհարկե, Արեւմուտքը, որի պատժամիջոցները վաղուց արդեն Ռուսաստանի կոկորդին կանգնած են, թույլ չի դա, որ դրա մասին մոռանան:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Հոդվածագիրը կարծում է, որ թղթային անկախությու ունեցող ու ոչ մի ռեսուրս(թե՛ նյութական, թե ֆինանսական, թե կադրային) չունեցող Հայաստանը կարող է ինչ-որ բան անել քաղաքական թատերաբեմում: Հեռվից զռում է նրա ռուսոֆոբ դիրքորոշումը, անգրագիտությունը, երևում է, որ դաստիարակվել է անգլոսաքսերի ջերմատներում: Կուզենայի հարցնել այդ անկախության ջատագովին. Հայաստանի դրամահատման գործով զբաղված են ինը պետություններ, ներառյալ Լիտվայի նման թափթփուկային, նացիստական պետությունը, այդ հայե՞րն են այդպես որոշել, թե ուրիշ մեկը, ու դրանից հետո ո՞վ կխոսի տնտեսական, ուրեմն նաև քաղաքական անկախության մասին: Հայերի մեջ չկա ոչ տնտեսագետ, ոչ իրավաբան ու ոչ էլ քաղաքական գործիչ: Կոմունիստներից հետո եկած տականքների խառնամբոխի հեչ պետքն էլ չի հայ ժողովուրդը, ու քո հոդվածը օդը ցնցելուն է հավասար: Նայիր «հռչակավոր գրող» Վանո Սիրադեղյանի բաժակաճառը չգիտեմ որ էշի ծնունդին ու կհամոզվես, որ հոդվածդ ոչ մեկին էլ պետք չէ ու հայությունը թողնված է բախտի քմահաճույքին:
    Ինպես ռուսներն են ասում. Кошка бросила котят, пусть ебутся, как хотят. Դրա համար էլ ազգը ցրիվ է գալիս: Թող Հրանտ Բագրատյանի նման պրոֆեսիոնալը հա՛ կոկորդ պատռի ԱԺ-ի տրիբունայից, ո՞վ է լսողը:

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Սամվել,
      շնորհակալություն նյութը կարդալու, գնահատելու եւ մեկնաբանելու համար, բայց իմ դաստիարակության մասին շատ թյուր կարծիք ունեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930