Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում հանգրվանած թալիշցիները

Ապրիլ 22,2016 16:30

ՀՀ կառավարության կողմից անտեսված են. նրանք կացարանի կարիք ունեն
Առցանց «Առավոտի» «Դեմ առ Դեմ» հաղորդաշարի շրջանակներում
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու «Թալիշցի վետերանների միության» հիմնադիր քարտուղար Սլավա Բայունցը քննարկում են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական հրետակոծության հետեւանքով ԼՂՀ Թալիշ գյուղից տեղահանված բնակիչների խնդիրները:

Թալիշցիները լքել են իրենց բնակավայրն առանց առաջին անհրաժեշտության պարագաների, փաստաթղթերի: Նրանք մտահոգություն են հայտնում, որ ապրուստի միջոց չունեն, ազգականների տանն են եւ օգնության կարիք ունեն:

Նելլի Բաբայան– Արդեն 18-րդ օրն է՝ թալիշցիները լքել են իրենց բնակավայրը, մի մասը ապաստանել է ԼՂՀ-ում, մի մասը՝ Հայաստանում: Պարոն Բայունց, քանի որ Դուք մշտապես կապի մեջ եք նրանց հետ, տեղյա՞կ եք, արդյոք, նրանք պետական որեւէ աջակցություն ստացե՞լ են:

Սլավա Բայունց- Ապրիլի 2-ին երբ սկսվեց այդ իրադարձությունը, խնդիր դրվեց ցուցակագրել նրանց, 1 օրում 50%-ին կարողացանք ցուցակագրել ու ներկայացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, հիմա 90%-ին ենք ցուցակագրել ու էլի ցուցակ ենք ներկայացրել ՄԱԿ: Այդ կազմակերպությունն ու «Առաքելություն Հայաստանը» շրջայցեր են կատարել բոլոր այն վայրերը, որտեղ գտնվում են թալիշցիները: Թալիշցիները բոլորը իրոք շատ սոցիալական խնդիրներ ունեն, բայց առ այսօր ոչ մի պետական կառույց մեզ չի դիմել ոչ տվյալների համար, ոչ մի բան չի ձեռնարկել: Ես բոլորի հետ խոսում եմ, բոլորն են ասում դա: Բայց Չարենցավանի քաղաքապետարանը օգնություն է տվել, վարձով բնակվողների վարձերն է վճարել, կոմունալ հարցերը լուծել, բայց գազի խնդիր կա, որ չեն կարող լուծել: Այս նույնը չի կատարվում ասենք՝ Աբովյանում, Երեւանում: Ամենավատթար վիճակը Երեւանում է: Այստեղ ոչ մի թաղապետ ոչ մի բան չի անում: Աբովյանում, Չարենցավանում մարդիկ գնացել են սոցապ բաժին՝ գրանցվելու, որովհետեւ կարող է ինչ-ինչ պատճառներով օգնություն լինի, բայց Երեւանի համայնքներոմ թալիշցիները մեզ ահազանգել են՝ ոչ ոք ոչինչ չի անում: Նրանց պատճառաբանում են՝ մեզ ոչ մեկը հրահանգ չի տվել: «Առաքելություն Հայաստանը» Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում պայմանավորվել է մի քանի բանկերի հետ, որպեսզի այդ ընտանիքների համար հաշվեհամար բացեն, որ փող փոխանցվի: Բայց Երեւանում բանկերն ասում են՝ մեզ հանձնարարություն չեն տվել: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են Երեւանում սենց խոչընդոտներ առաջանում:

Ն. Բ.– Տիկին Ալավերդյան, Դուք եւս աշխատելու բազմամյա փորձ ունեք փախստականների եւ պատերազմական գոտիներից տեղահանվածների հետ: Նման դեպքերում պետական ո՞ր կառույցը պետք է աշխատանքներ տանի, ինչո՞ւ մինչեւ հիմա չկա աջակցության շոշափելի արդյունք:

Լարիսա Ալավերդյան– Ես ափսոսում եմ, որ Հայաստանում այս տարիների ընթացքում չկա մի պետական մարմին, որի անվանման մեջ կլինի կամ փախստական, կամ տեղահանված անձանց հարցեր: Ունենք միգրացիայի ծառայութուն, որքան գիտեմ՝ նրանց կանոնադրության մեջ մտնում են տեղահանվածների եւ փախստականների հարցերը: Ես կարծում եմ՝ եթե չկա նման մեկ այլ մարմին, ապա այս պահին վերին աստիճանի հրատապ գործերը՝ լինի դա հաշվառում, լինի առաջարկություններով հանդես գալը՝ թե ինչպես պետք է կազմակերպվի տեղահանված այս մարդկանց հետ աշխատանքը, համոզված եմ, պետք է հանդես գար միգրացիոն ծառայությունը: Նախ, իրենք ունեն հարուստ փորձ, 2-րդը՝ ինչո՞ւ է պետք առաջարկություններով հանդես գալ, որովհետեւ տարբեր պետությունների փորձն ուսումնասիրելով՝ մենք գիտենք, որ երբ մեկ օրվա մեջ վրա է հասնում խնդիրը, ապա պետությունը հրատապ ձեւով ստեղծում է շտաբ, կոմիտե, հանձնաժողով, որը կանոնակարգում է հարցերը եւ առնվազն չի թողնում այդ ծառայության վրա: Պետք է լիներ այդ համակարգման կառույցը, կամ այդ ծառայությունը ստանար նոր լիազորություններ, կամ ստեղծվեր ժամանակավոր հանձնաժողով:

Ն. Բ.– Մի՞թե այս 18 օրերի ընթացքում կառավարոթյունը չէր կարող ստեղծել մի հանձնաժողով, որի մեջ ընդգրկված կլինեին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, տեղահանված թալիշցիների կարիքները գնահատվեին եւ համակարգված օգնություն տրամադրվեին՝ առողջապահական, ֆինանսական, սոցիալական:

Լ. Ա.- Ճիշտն ասած, մի փոքր զարմացած եմ, Հայաստանն ունի այդ փորձը՝ շատ արագ կազմակերպել ինչ-որ միջոցառումներ: Տվյալ դեպքում սա մի անհասկանալի իներցիա է, որովհետեւ մարդու կենցաղն անընդմեջ է ընթանում, այսինքն՝ 18 օր կյանքը դադար չի տալիս, նորմալ կյանքով պիտի ապրի մարդը, բա երեխանե՞րը: Ես պիտի հորդորեմ, զարմանամ, որ 18 օր է՝ դեռ չկա այդ համակարգվող աշխատանքը, այդ մարդկանց համար գոնե երեւացող արձագանքը, ազդակը չկա: Պիտի ասեմ, որ «Առաքելություն Հայաստանը» սոցիալական գործընկերության համաձայնագիր ունի սոցապ նախարարության հետ: Պարտադիր չէ՝ սոցապն ուղղակի ինքը անի: Շատ երկրներ սոցիալական համագործակցության շրջանակներում են անում: Համոզված եմ, որ «Առաքելություն Հայաստանը» այդպիսի ծրագրի ներքո պիտի անի, խոսքը սոցապի մասին է, այնինչ այստեղ կան շատ այլ խնդիրներ:

Ն. Բ.– Օրերս մամուլի ասուլիսի ժամանակ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը լրագրողների հարցին ՝ արդյոք իրենք հետաքրքրվե՞լ են Արցախի բնակավայրերից տարհանված անձանց ճակատագրերով, ի՞նչ վիճակում են նրանք, ինչո՞վ են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն, ասել է, որ չգիտի՝ արդյոք պաշտոնապես այդ մարդիկ տարհանվա՞ծ են։ Լրագրողի հիշեցմանը, որ Չարենցավանում 130 թալիշցի է հանգրվանել, ու ընտանիքները օգնության կարիք ունեն, Սաիյանն ասել է՝ «Կարծում եմ՝ չափազանցում եք»։ Ինչի՞ մասին է խոսում պետական պաշտոնյայի անտեղյակությունը:

Լ. Ա.– Սա, բացասական առումով, զարմանք է առաջացնում: Կներեք, դա պարտականություն է, հիմա երբ մենք խոսում ենք իշխանությունների մասին, ոչ թե միայն ժողովուրդն է կոչված դիմելու իշխանությանը, այլեւ իշխանությունն ինքը պետք է դիմի, գնա եւ տեսնի: Պետական չինովնիկն առնվազն պետք է ասի, թե՝ վաղը կամ մյուս օրն ինքն ինչ պետք է անի, բայց երբ նա դրանով ավարտում է իր պատասխանը, դա նշանակում է մի շատ ավելի խորքային բացասական բան. այն է, որ կարծես թե պետական իշխանության այդ մարմինը իր խնդիրը չի համարում: Դա շատ տարօրինակ է, որովհետեւ Հայաստանը միացել է բոլոր այն միջազգային կոնվենցիաներին՝ լինի փախստականների, տեղահանվածների կամ ներքին տեղահանվածների, կապ չունի որ տարածքից՝ ինչ կարգավիճակով է, մարդը բոլորին հայտնի պատճառներով դուրս է եկել իր տարածքից եւ հայտնվել է կոնկրետ այս պետությունում, Հայաստանն ունի պարտավորություններ այդ կոնվենցիաների շրջանակներում:

Իշխանությունը պետք է հասկանա, որ ունի պարտականություններ: Արցախին օգնություն պետք է տրամադրվի Հայաստանից, հակառակ պարագայում պիտի հասկանանք՝ ո՞րն է, որ մենք ասում ենք՝ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, երաշխավոր պետք է լինի ոչ միայն ռազմական: Անվտանգությունը տարբեր չափումներ ունի, տվյալ դեպքում սոցիալական հոգատարությունը եւս անվտանգություն է ապահովում: Մենք դիմելու ենք ՀՀ պետական մարմիններին, նախ՝ կառավարությանը, սոցապին: Զարմանալի է, որ կառավարությունը դեռ ոչ մի արձագանք եւ հայտարարություն չի արել: Տարօրինակ զգացում ունեմ, որ ուզում են թաքուն պահել այդ խնդիրը:

Ս. Բ.- Մենք բաց նամակով դիմելու ենք ՀՀ վարչապետին. ժողովուրդն ուրիշ բան չի ուզում, միայն ժամանակավոր կացարանով ապահովեն: Ազգականները չեն կարող երկար պահել նրանց:

Լ. Ա.– Մենք այսօր ունենք դատարկ բնակարաններ եւ ունենք կացարանի խնդիր ունեցողներ, ոչ մեկը չի ասում՝ տվեք սեփականության իրավունքով, ո՞ր օրվա համար է այդ հարստությունը, այդ հարուստի հարստությունն արդյոք երկրի հարստությունը չէ՞:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Քննարկումն ամբողջությամբ՝

«Առավոտ» օրաթերթ
21.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930