Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս օրերին արտերկրում գտնվող ամեն մի հայաստանցի յուրատեսակ դեսպան է»

Ապրիլ 22,2016 15:00

«Անտարեսը» մասնակցել է Բոլոնիայի մանկական գրքի տոնավաճառին

Իտալիայի Բոլոնիա քաղաքում 1964թ. անցկացվող մանկական գրքի ամենամեծ տոնավաճառին այս տարի Հայաստանը ներկայացնում էր «Անտարես» հրատարակչությունը, որը հրավիրված էր տոնավաճառի գործընկեր Իտալիայի առեւտրի պալատի կողմից:

«Առավոտի» հետ զրույցում «Անտարեսի» հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը նշեց, որ տոնավաճառին հրավիրված էր 75 երկիր, գործում էր 1200 տաղավար, 25 հազար մասնագիտացված առեւտրային ներկայացուցիչ եւ շուրջ 600 լրագրող: Ներկայացված էր մանկական գրքեր ու ամսագրեր, ուսումնական նյութեր, կատարվում էր հեղինակային իրավունքի վաճառք եւ ծրագրային ապահովում: «Միջոցառման օրերին անցկացվեց մանկական գրքերի իլյուստրացիաների հատուկ ցուցադրություն, որոնց հեղինակները տաղանդավոր ու բծախնդիր մասնագետներ էին:

Մենք, բացի մանկական գրքերից ու խաղերից (վերջինս «Անտարեսի» հետ հայաստանյան «Մարկոս Թոյս» ընկերության համագործակցության արդյունք է), ներկայացրինք վիրտուալ եւ լրացված իրականության տեխնոլոգիաների կիրառմամբ ծրագրային հավելվածներ, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին այնպիսի երկրների կայացած շուկաների ներկայացուցիչների մոտ, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան եւ այլն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Խնդրանքին՝ լայն լսարանի համար մանրամասնել ասվածը, օրիորդ Մադոյանը մեկ օրինակ բերեց, ինչպես կարող է սմարթֆոնի միջոցով գրքում եղած պատկերը, ասենք՝ դինոզավրը, կենդանանալ: Կամ՝ ուշադրության է արժանացել «Քեռի մուլտիկնիկի այբբենարանը». այստեղ երեխան կարող է յուրաքանչյուր տառի մասին հորինել իր հեքիաթը, ներկել տառը, տեղադրել շրջանակում ու կախել երեւացող տեղ, այսպիսով երեխայի համար ամեն մի տառ իրադարձություն է դառնում: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ հետաքրքրության է արժանացել նաեւ Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» փաթեթը, որտեղ, բացի գրքից, տեղ են գտել արձանիկներ եւ սննդի հիմքի վրա պատրաստված ներկեր:

Դիտարկմանը, թե տոնավաճառներն ընդհանրապես հիանալի առիթ են նաեւ գրքերի հրատարակության իրավունքների ձեռքբերման համար, Հռիփսիմե Մադոյանն ասաց, որ իրենք մի քանի երկրների հետ պայմանագրեր են կնքել՝ նոր գրքերը՝ նոր տեխնոլոգիաներով հրատարակելու համար:

Քանի որ տոնավաճառի անցկացման օրերը համընկան քառօրյա պատերազմի հետ, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք արտասահմանցի իրենց կոլեգաների արձագանքով: «Ամպագոռգոռ թող չհնչի՝ մենք էլ մեր պատերազմն էինք այնտեղ վարում, քանի որ պատերազմի մի մասը ընթանում է տեղեկատվական դաշտում, որտեղ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում սեփական տեսակետն աշխարհին հասցնելու համար: Հայտնի է, որ մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները պատերազմը տանուլ են տվել եւ ինչպես մենք, այնպես էլ յուրաքանչյուր հայաստանցի, վերջին օրերին՝ հայտնվելով արտերկրում, կարծես դեսպանի առաքելություն է ստանձնում: Ժամանակին ներկա գտնվելով այլ տոնավաճառների, ականատեսն ենք եղել, օրինակ, ադրբեջանցիների կողմից 20 լեզվով հրատարակած «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» վերնագրով շքեղ մի գիրք-ալբոմի, որտեղ, օրինակ, Գառնին կամ Կարմրավորը ներկայացված էին ադրբեջանական հուշարձաններ: Էլ չասեմ, որ այդ երկրի 6-րդ դասարանի պատմության դասագրքում Հայաստան հարեւան երկրի նկարագրության մեջ աստղանիշ է դրված, տողատակում էլ գրված է, թե Հայաստանի տարածքը դա արեւմտյան Ադրբեջանի տարածքն է, որը զավթվել է հայերի կողմից… Եվ այսպիսի բազմաթիվ բացարձակ ստեր»,- ասաց Հռիփսիմե Մադոյանը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930