Սերբիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի չորս ներկայացուցիչներից եւ ոչ մեկը չկարողացավ Ռիոյի երկու ուղեգրերին գոնե մեկն ավելացնել: Սա, թերեւս, անակնկալ էր: «Առավոտը» զրուցել է Սերբիայում Հայաստանի ընտրանու մարզիչ Սամվել Գեւորգյանի հետ:
«Մեր տղաներն արեցին ինչ կարող էին: Մրցաշարն իր մակարդակով չէր զիջում Եվրոպայի առաջնությանը, բացառությամբ արդեն ուղեգիր նվաճած մի քանի ուժեղագույն ըմբիշների: Կարապետ Չալյանը, որ 22 տարեկան է, պարտվեց Եվրոպայի չեմպիոն վրացի մրցակցին: Մենք նրանից ուղեգիր ակնկալում էինք: Բայց, գուցե, փորձի պակասը խանգարեց: Մաքսիմ Մանուկյանն էլ վարկանիշ բերող գոտեմարտում մեկ միավորի տարբերությամբ պարտվեց: Ինչ վերաբերում է Ռոման Ամոյանին, ուղեգրի ճանապարհին նա զիջեց իր հիմնական մրցակիցներից մեկին՝ բուլղարացի ըմբիշին, որի հետ գոտեմարտերը միշտ ծանր են ընթանում: Բայց Ռոմանը խոստացել է, որ վարկանիշ անպայման ձեռք բերելու է: Գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը դեռ երիտասարդ է: Նա մեր երիտասարդական հավաքականի հեռանկարային անդամներից է: Անկեղծ ասած, մենք այդ քաշային կարգում մեկ ուրիշը չունենք: Իսկ էդգարին ավելի շատ մեծահասակների մեջ մրցափորձի կուտակման հնարավորություն ենք տալիս:
Այս մրցաշարում օլիմպիական ուղեգրերը պատահական ըմբիշներ չնվաճեցին: Պայքարը դեռ շարունակողներն էլ թույլերը չեն: Այդուհանդերձ, մենք Սերբիայի մրցաշարից մեծ ողբերգություն չենք սարքում: Հիմա մեր այդ նույն մարզիկները, բացի Կարապետ Չալյանից, որի փոխարեն մրցավայր մեկնել է մեր ամենափորձառու եւ տիտղոսակիր ըմբիշը՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, արդեն Մոնղոլիայում են, որտեղ կանեն ամեն բան պլանավորած ուղեգրերի պաշարը լրացնելու համար: Չմոռանանք նաեւ, որ առջեւում երրորդ վարկանիշային մրցաշարն էլ կա: Վստահ եմ, որ մեր հունահռոմեականները ամբողջությամբ կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները», – ասաց հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.04.2016