Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՉԸ

Ապրիլ 22,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ   քսանիններորդ

ԿԱՆԱՉԸ

Եվ ես նայեցի դիմանկարիս ու ժպտալով Վարուժին հարցրի՝ «էս պորտրետս կիսատ չի՞», եւ Վարուժը նորից նայեց դիմանկարիս, հետո թարս նայեց ինձ ու արհամարհական ասաց՝ «կիսատը դու ես» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «քանի որ դու կիսատ ես, պորտրետդ էլ պիտի կիսատ ըլնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ե՞ս ինչի եմ կիսատ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «որովհետեւ Թերլեմեզյանը կիսատ ես թողել» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «չնայած կարող ա Թերլեմեզյանն էլ ավարտեիր, բայց էլի նկարչությունից բան չհասկանայիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով  ասացի՝ «մի քիչ առաջ հակառակն էիր ասում», եւ Վարուժը հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում էիր, որ ահագին նկարչություն եմ հասկանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վաբշե հասկանում ես, բայց էսօր մի տեսակ շողուլից ընկած ես», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ շողուլից ընկած»,  եւ Վարուժը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կիսատպռատ նկարը գովում ես, բայց էս գյոզալական պարտրետին անուն ես կպցնում», եւ ես զարմացած հարցրի՝ «էս պորտրետին ո՞վ ա անուն կպցրել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ասում ես՝ կիսատ ա», եւ ես նորից նայեցի դիմանկարիս ու ժպտալով ասացի՝ «կանաչը չռռում ա», եւ Վարուժը թարս նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «հեռու գնա՝ հանկարծ վրեդ չչռռա», եւ ես ժպտալով ասացի՝ «գնալով ինձ ավելի ա նմանվում», եւ Վարուժը  փռթկացնելով ասաց՝ «մի քանի ժամից լրիվ դու կըլնես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ասում ես՝ ըսենց էլ թողնելու ե՞ս», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «այսինքն, ո՞նց ըսենց», եւ ես ժպտալով ասացի՝ «չռռոցի դեմը չես առնելո՞ւ», եւ Վարուժն արհամարհական նայեց ինձ ու  ասաց՝ «չռռոցը վաղուց ա դադարել» եւ արհամարհական ինձ նայելով ավելացրեց՝ «վրեդ   խաբար չկա», եւ երբ նորից նայեցի դիմանկարիս, տեսա, որ, իրոք, կանաչն այլեւս չէր ծորում, եւ Վարուժն ասաց՝ «եթե ներկն իրա ճիշտ հունով ա գնում, չպիտի դեմն առնես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պիտի ազատ թողնես, որ իրա հունով գնա» եւ նորից նայեց դիմանկարիս ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իսկը դու ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ես էսքան գեշ ե՞մ», եւ Վարուժը թարս նայեց ինձ ու ասաց՝ «իրականում  ավելի գեշ ես» եւ մի քիչ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «կարող ա՞  Ալեն Դելոնն ես» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված ասաց՝ «Հրանտն էլ իրա պորտրետից ա դժգոհ», եւ ես ասացի՝ «Հրանտի պորտրետը քո լավագույն պորտրետներից ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ ես ասացի՝ «Հրանտի պորտրետը երեւի քո լավագույն  պորտրետն ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «հըլը դու իրան հարցրու», եւ ես ասացի՝ «գիտեմ, որ ինքն իրա էդ պորտրետը չի հավանում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ զգացել եմ, որ չի հավանում», եւ Վարուժը վրդովված հարցրեց՝ «քեզ էլ ա՞ ասել, որ չի հավանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Վարուժը նեղսրտած հարցրեց՝ «բա ինչի՞ց ես զգացել, որ չի հավանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի անգամ իրա մոտ էդ պորտրետը շատ գովեցի, բայց ինքը ոչ մի ռեակցիա չտվեց», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ ա, որ ոչ մի ռեակցիա չի տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «լավ ա, որ բերնից էկածը չի ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված ասաց՝ «արժողչարժողի մոտ էդ պորտրետիս հաշվով ինչ ասես ասում ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց ինքը քեզ որպես նկարիչ շատ ա հավանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ մասին հիացական բաներ ա գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իմ նկարչությունը հավանում ա, բայց իմ լավագույն պորտրետը չի հավանում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «երեւի Վերժուկն ա կաթացրել», եւ ես զարմացած հարցրի՝ «Վերժուկն ինչի՞ պիտի կաթացներ», եւ Վարուժն ասաց՝ «Վերժինեն ասում ա, որ  Հրանտին շատ գեշ եմ նկարել» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «ամեն կնիկ ուզում ա, որ իրա մարդը  Ալեն Դելոնի պես սիրուն ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «Հրանտի հզոր տաղանդն իրան չի բավարարում», եւ ես  ասացի՝ «բայց Վերժինեն էլ ա քո նկարչությունը շատ հավանում», եւ Վարուժը հարցական նայեց ինձ, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ հավանում ա», եւ ես ասացի՝ «քո պեյզաժն իրանց ճաշասենյակի ամենակենտրոնում ա կախած», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մի վախտ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ռեմոնտից հետո հաստատ հանած կըլնեն», եւ ես ժպտալով ասացի՝ «չեն հանել» եւ ժպտալով ավելացրի՝ «պեյզաժդ նույն տեղում կախած ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930