Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստեղ դրա տեղը չի». «միտինգ» անող կանանց հակադարձեցին զոհված զինվորի հարազատները

Ապրիլ 21,2016 23:45

Օրերս Եռաբլուրում շարքային զինվոր, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի հուղարկավորությունն էր:

Հարազատները պատմում էին, որ Գրիգորը ըմբշամարտիկ է եղել, իր քաշային կարգում առաջին մրցանակակիր, բայց սոցիալական պայմաններից ելնելով՝ չի շարունակել զբաղվել սպորտով: Մինչ բանակ գնալը վերջին 8 ամսվա ընթացքում նա անգամ ուսումն է կիսատ թողել, որ աշխատի:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ որտե՞ղ է աշխատել նա՝ Գրիգորի մորաքույրը՝ Անահիտը պատասխանեց. «Ինչ գործ ասես, որտեղ հնարավորություն է ունեցել՝ աշխատել է, այգիներում աշխատել է, կարուսելների վրա է աշխատել, մանկական այգիներում էլ է քնել, որ հաջորդ օրը առավոտ շուտ մաքրի, պատրաստի: Ով ինչ գործ առաջարկում էր՝ անում էր: Մոր հետ հավասար աշխատել է, ամեն ինչ արել է, որ կարողանա նաեւ փոքր եղբորը օգնի»:

Հուղարկավորության ժամանակ զինվորի հարազատները պատմում էին, թե ինչ ծանր վիճակում է ապրում Գրիգորի ընտանիքը. «Գաջեգործների 40, 16 բնակարան, եթե դուք այցելեք, մտնեք նրանց տուն՝ կհասկանաք, թե ինչպես են ապրում վթարային այդ տանը»:

Հուղարկավորությանը ներկա մի խումբ կանայք բորբոքված էին: Նրանք վիշտը թողած՝մի շարք հարցադրումներ էին անում ու հորդորում մեզ՝ լրագրողներիս, այդ հարցերը տեղ հասցնել. «Ո՞վ է այս մայրերին պատասխան տալու, մի հարց տալի՞ս եք մեր նախագահին: Նա դրա պատասխանն ունի՞: Մեր կառավարությունը ի՞նչ է ասելու: Մի հատ հարուստի երեխա չբերեցին, բոլորը աղքատներ: Էս քանի տարի է՝ օրը մի դիակ բերում են, մի՞թե պատրաստ չէին, որ էսքան զոհ ունեցանք»:

Կանանց հակադարձեցին Գրիգորի սգացող բարեկամներից մի քանիսը. «Ստեղ դրա տեղը չի՛: Թողեք մեզ մեր սգի հետ, կարողանանք համակերպվել: Էդ հարցերի պատասխանները հետո ու ուրիշ տեղ կփնտրենք, էդ բոլորը մենք էլ շատ լավ գիտենք, բայց հիմա վերլուծելու ժամանակը չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930