Քարի վերամշակմամբ զբաղվող, Երեւանի Արցախի պողոտայի 50 հասցեում գրանցված «Գետն գրուպ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքար գյուղում անօրինական կերպով կարմիր գույնի շինաքար է արդյունահանել :
«Գետն գրուպ» ՓԲԸ-ն հանքավայրի տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սեւքարի գյուղապետարանի հետ: 2010թ. Տավուշի մարզում ստուգումներ կատարած Վերահսկիչ պալատը նշված ընկերության գործունեության հետ կապված բացահայտումներ է արել: Սակայն այդ բացահայտումներին իրավապահ մարմինները ընթացք չեն տրվել:
2014թ. աշնանը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժինը Սեւքարում «Գետն գրուպ»-ի գործունեության հետ կապված քրեական գործ է հարուցել: Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանի վկայությամբ՝ 2012թ.-ից նշված հանքավայրը չի շահագործվել:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում շարունակվում էր «Գետն գրուպ» ընկերությանն առնչվող քրեական գործի քննությունը: Շուրջ 5 ամիս չէին ստացվում այդ հանքավայրին առնչվող փորձաքննության արդյունքները:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ այդ քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Մեր տեղեկություններով՝ այդ բիզնեսի հետ սերտ առնչություն ունի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը: Այդ հանքավայրի քարով է կառուցվել Երեւանի քաղաքապետարանի շենքը, երբ քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր: Վերջինիս եւ բարձրաստիճան եւս 3 պաշտոնյաների անուններ են առնչվում վերոհիշյալ ընկերության հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ