Ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող Մ.Մելիքյանին։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանի դին հայտնաբերվել է 01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվել և շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում՝ մարտի 29-ին, ապրիլի լույս 1-ի գիշերը Գ.Ասոյանին վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը ստորացրել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող, շարքային Մ.Մելիքյանը։
Վերջինիս ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին