Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունն իր սփյուռքյան մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ առաջիկայում դրամահավաք կկազմակերպի` ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց կուսակցության` Արեւելյան Ամերիկայի մասնաճյուղի ատենապետ Երվանդ Ազատյանը:
«Ռամկավար ազատական կուսակցությունն իր մշակութային-բարեսիրական կառույցների միջոցով ուղղակիորեն օժանդակություն կցուցաբերի նրանց` Հայաստանում եւ Արցախում: Մեր հնարավորություններից հատկացումներ կանենք, նաեւ համասփյուռքյան դրամահավաք կհայտարարենք: Մեզ համար չափազանց կարեւոր է միավորվելը, առանց դրա չենք կարող Արցախին օգտակար լինել եւ քաղաքական հողի վրա ծառայել Արցախին»,-ասաց նա` նկատի ունենալով այն փաստը, որ վերջին 10 տարում սփյուռքում կազմալուծված կուսակցությունն այսօր փորձում է միավորվել:
Մեր զրուցակիցը փաստեց, որ ադրբեջանցիները եւ թուրքերն այլ երկրներում գումար չեն խնայում` հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Հարցին, թե ռամկավար ազատականներն ինչպե՞ս են հակազդելու այդ քարոզչությանը, Երվանդ Ազատյանը պատասխանեց. «Դրա դեմ Սփյուռքի մեր կառույցների հնարավորություններն ենք օգտագործում, թեեւ Հայաստանն այդքան կապեր եւ գումար չունի: ԱՄՆ Կոնգրեսում, մամուլում, հեռուստատեսությամբ հայերը որպես ագրեսոր են ներկայացվում: Մեր սփյուռքյան կառույցները կարողանում են հակազդել դրան: Մասնավորապես, օրերս Բոսթոնի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված զբոսայգու դիմաց ցեղասպանությունը հերքող բովանդակությամբ ցուցանակ հայտնվեց: Հայերը կարճ ժամանակում հեռացրեցին ցուցանակը, որը թուրքերն էին տեղադրել»:
Պարոն Ազատյանն անդրադարձավ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարելիք այցին` ասելով. «Ռուսաստանի առաջարկները վտանգ են պարունակում: Մենք փոքր երկիր ենք: Որքան մենք ու ռուսները սիրենք իրար, ռուսները մեզ համապատասխան` փոքր վերաբերմունք են ցուցաբերելու: Բացի այդ, ազերիների եւ թուրքի աչքը նաեւ այս փոքրիկ հողի` Հայաստանի վրա է, նրանք ուզում են մեզ ոչնչացնել, որովհետեւ նրանց նպատակն է` վերականգնել Օսմանյան Կայսրությունը, որի ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ