Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանի գործով քննությունը: Սա երկրորդ դատական նիստն էր:
Հիշեցնենք, անցած տարի սեպտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 7: 00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր պատգամավորի թիկնապահը: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները:
Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել է Ավետիսին, որից հետո պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չի հասել:
Կարդացեք նաև
Հավելենք, որ մինչ Մաշտոցի պողոտայի ծեծկռտուքը, նույն երիտասարդները Հանրապետության հրապարակի տարածքում մի անցորդի են ծեծի ենթարկել ու կողոպտել»: Ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ, երիտասարդներն արագ ձերբակալվել էին:
https://www.youtube.com/watch?v=-ZghPvt8d1k
Այսօր դատարանում էր նաեւ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նա գործով վկա է:
Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանի պաշտպան Մերի Ալավերդյանն այսօր դատավորին միջնորդեց ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել իր պաշտպանյալի համար: Պաշտպանը տեղեկացրեց, որ իր հետ հանդիպումներում եւ զրույցներում Անդրանիկը ոչ համարժեք, ագրեսիվ վարք է դրսեւորել: Այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ԲՍԲ-ում, նյարդահոգեբույժի հսկողության տակ` անձի էմոցիոնալ ինքնության խանգարում, ինքնավնասման փորձով:
Ինքը`ամբաստանյալը, հայտարարեց, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այժմ էլ հոգեմետ դեղեր է ընդունում:
Չնայած մեղադրողի առարկությանը, այն վկայակոչմամբ, որ ի պատասխան իր հարցման «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ասել են, որ Անդրանիկի մոտ առկա շեղումները հոգեկան խանգարման բժշկականորեն սահմանված տիրույթներում չեն, դատավոր Գագիկ Պողոսյանը Անդրանիկ Գաբրիելյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենան մայիսի 24-ին, ժամը 12.00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ