Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 21-ին նիստ գումարեց: Նիստի օրակարգում կիրակի՝ ապրիլի 17-ին, տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ ներկայացված դիմումներն էին:
Դիմումները ներկայացրել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Իրավունքի Եվրոպա միավորում» եւ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններից: Վերջիններս նշել են, որ ներկայացնում են 32 բողոք երեք քաղաքային համայնքներում՝ Սպիտակ, Թալին եւ Հրազդան, տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Այդ դիմումներով հասարակական կազմակերպությունները պահանջում են հարուցել վարույթներ ըստ անհրաժեշտության նաեւ սեփական նախաձեռնությամբ՝ քննության առնելով նշված խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա, ձեռնարկել միջոցներ դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քվեարկության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտների, քվեարկության իրավունք ունեցողների, մյուս բոլոր մասնակիցների իրավունքների խախտման կապակցությամբ: Դիմումատուները նաեւ պահանջում են խախտումներ կատարած անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկել:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով չէին ներկայացել դիմումատուները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց որոշման նախագիծը, ըստ որի նշված բողոքներով իրավասու հանձնաժողովներ են հանդիսանում 15, 25, 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նախագծով առաջարկվում է մերժել հասարակական կազմակերպությունների բողոքը:
Կարդացեք նաև
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ նույն դիմումները մուտքագրվել են 25 եւ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնք էլ կիրականացնեն այդ դիմումների քննարկումը:
Քվեարկություն կազմակերպվեց, ԿԸՀ բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին. որոշման նախագիծը ընդունվեց:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ