Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը սեր խոստովանեց վկային

Ապրիլ 21,2016 17:29

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով քննությունը:

«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Այս գործով հարցաքննվեց եւս մեկ վկա, որը ժամանակին աշխատել է ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի հետ:

Դատավորի հարցմանն ի պատասխան նա հաստատեց, որ ճանաչում է ամբաստանյալին, իսկ թե որտեղից, աղջիկն ասաց. «Նա ասում էր` իբր զգացմունքներ ունի իմ հանդեպ…Միասին աշխատել ենք «Նարնջագույն փղիկ» երեխաների զարգացման կենտրոնում` 2013 թվականից: Ասաց, որ իբր սիրում է ինձ»:

Դատավորը նույն հարցն ուղղեց ամբաստանյալին: Վերջինս հաստատեց, որ ճանաչում է վկային եւ հավելեց. «Ես նրան սիրում եմ»:

Ապա վկան շարունակեց. «Եղբայրներս արգելեցին նրան շփվել ինձ հետ: Երկու տարի հետո հայտնվեց, պարզվեց` ուներ երեխա: Ասում էր, որ իր կնոջը չի սիրում: Կնոջ անունը չգիտեմ: Անընդհատ զանգում էր ինձ: Ասացի, որ վերջնական հանդիպենք եւ բաժանվենք իրարից: Հանդիպեցինք, ասաց, որ ինձ կարող է վտանգ սպառնալ եւ պետք է զգույշ լինեմ: Ասում էր, որ իրեն շենքի մուտքում սպառնացել են եւ ինձ հետ էլ կարող են մի բան անել` նրա համար, որ Մուշեղի հետ կապ ունեմ: Ասաց, որ իր ընկերուհուն են սպանել` ծանոթ-մտերիմին: Ասում էր, որ Մաջնունյանն իր մտերիմ ընկերն է եւ որոշ հարցերում օգնել է իրեն»:

Դատարանի որոշմամբ, հաջորդ նիստը կկայանա ապրիլի 28-ին: Հիշեցնենք, որ նախորդ նիստին հարցաքննվել էր վկան, որն, իր պնդմամբ, տեսել է  արնաքամ լինող Անի Մաջնունյանին, ինչպես նաեւ` «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը եւ Անի Մաջնունյանի մայրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930