Մայրաքաղաքի օղակաձև զբոսայգում բացվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքում սպանված եզդիների հիշատակի ոգեկոչման հուշարձան: «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով ստեղծված հուշարձանի կյանքի կոչման հարցում անմիջական աջակցություն են ցուցաբերել նաև հանրապետության ղեկավարությունն ու Երևանի քաղաքապետարանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցելու է մայրաքաղաքի եզդիական համայնքին: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարևորել է հայ-եզդիական դարավոր բարեկամությունն ու դժվար պահերին միմյանց սատարելու փաստը և նշել, որ ՀՀ-ը միջազգային ատյաններում մշտապես ձայն է բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների և բռնությունների: Բացված հուշարձանի գաղափարի հիմքում երեխային փրկող մայրն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը:
Երևանի քաղաքապետարան