Ինչպես հայտնի է, հունիսի 24-26-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով Հայաստան կայցելի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պատարագ կմատուցի նաեւ Գյումրու Վարդանանց հրապարակում:
Մեզ հասած տեղեկություններով, երկրի քաղաքական վերնախավը դեմ է եղել, որ Հռոմի պապն այցելի Գյումրի: Պատճառն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքի շատ հատվածներ երկրաշարժից հետո էլ շարունակում են ավերակ մնալ. փողոցները խայտառակ վիճակում են. ցեխի մեջ ընկնողը դուրս չի կարող գալ ու այստեղ դեռ կան մեծ թվով տնակային, աղքատ թաղամասեր: Իսկ Հռոմի պապի այցելության ժամանակ կառավարությունն ուզի, թե չուզի որոշակի ծախսեր է անելու Գյումրու վրա. գոնե այն փողոցները, որոնցով անցնելու է պապը, բարեկարգելու են:
Անկախ այն բանից, թե Հայաստանի քաղաքական վերնախավը ինչ է մտածում՝ Հռոմի պապը Հայաստան կատարելիք այցի շրջանակներում ի սկզբանե մտադրվել ու ցանկություն է հայտնել լինել պատմական այս քաղաքում, որի կենտրոնում է գտնվում հայ կաթողիկե «Սրբոց նահատակաց» եկեղեցին. այն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստը կամ մայր եկեղեցին է: Բացի այդ, Շիրակի մարզում 13 կաթողիկե համայնք կա, կաթողիկեների ընդհանուր թիվը Շիրակի մարզի գյուղերում մոտ 10 հազար է:
Թե Գյումրու որ հատվածներով կշրջի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, դեռ չեն հրապարակում, սակայն երեկ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը տեղի հեռուստաընկերություններով բարձրաձայն ակնարկեց, որ փողոցները բարեկարգելու հույսը Հռոմի պապի այցի վրա են դնում, քանի որ, օրինակ՝ քաղաքային բյուջեի միջոցներով կենտրոնական Շիրակացի փողոցը հիմնովին ու վերջնական վերանորոգել հնարավոր չէ:
Կարդացեք նաև
Բնակկոմունալ բաժնի պետը, հիշեցնելով, որ հունիսի վերջին մեծ թվով բարձրաստիճան հյուրերի են սպասում, ասաց, թե քաղաքային իշխանությունը հույս ունի՝ կառավարությունը դա հաշվի կառնի ու գումար կտրամադրի, որպեսզի փողոցը հիմնանորոգման ենթարկեն: Գյումրու քաղաքային իշխանություններն, ամենայն հավանականությամբ ,դեռ հույս են փայփայում, որ Հռոմի պապի այցելության ֆոնին Գյումրու փողոցների բարեկարգման ու լուսավորության համար դեռ անցած տարվա դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի խոստացած 23 միլիոն եվրո վարկն են ստանալու:
Նշենք, որ սահմանադրական փոփոխություններից 2 օր առաջ խոստացված 23 միլիոն եվրոյից այլեւս ոչ մի տեղեկություն չկա, այնպիսի տպավորություն է, որ նման թեմա չի էլ քննարկվել Սամվել Բալասանյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ: Որքան էլ գյումրեցիների համար վիրավորական լինի, փաստն այն է, որ այս քաղաքի փողոցները միայն մի դեպքում են բարեկարգվում. երբ բարձրաստիճան հյուր է գալու:
Օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին 2013 թվականի խորը աշնանը վերանորոգվեց Գյումրու օդակայանի ճանապարհը, Ամենափրկիչ եկեղեցու ետնամասը, որտեղ տեղակայված է Երկրաշարժի զոհերի հուշարձանը ու որտեղ ծաղկեպսակ պիտի դներ Պուտինը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում արագացված կոսմետիկ վերանորոգում ընթացավ: Ընդհանուր առմամբ 527 միլիոն դրամի ասֆալտ արվեց Գյումրիում այդ ցուրտ եղանակին: Բանը հասել էր նրան, որ գյումրեցիները կատակում էին, թե՝ «Պուտին ջան, մեր դռներով էլ անցի էլի»:
Հռոմի պապի այցի հետ կապված որոշակի մանրամասներ է հաղորդում Հայ կաթողիկե եկեղեցու պաշտոնական կայքը.
«Հռոմի Սուրբ Աթոռի պատվիրակությունը այցելել է Հայաստան և ուսումնասիրել Սրբազան Քահանայապետի այցելության կազմակերպման հնարավորությունները, եղել նաև Գյումրիում, ուսումնասիրել Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցին և այլ տարածքներ Գյումրիում: Մոտ օրերս կհրապարակենք մանրամասներ Քահանայապետի այցելության ծրագրի մասին:
Քրիստոնեական Կաթողիկէ կամ Տիեզերական Եկեղեցու առաջին գլուխ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան կլինի պատմական իրադարձություն: Այն կլինի Հռոմի Պապի երկրորդ այցելությունը Հայաստան՝ 2001թ. հետո: 2001թ. Հայաստան այցելեց Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը՝ Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ:
Հայ կաթողիկէ համայնքի և առհասարակ հայ հասարակության լայն շրջանակների համար Ֆրանցիսկոս Սրբազան Պապի այցը շատ սպասված է: Ֆրանցիսկոս Պապը, ինչպես և նրա նախորդները, հոգևոր և բարոյական մեծ հեղինակություն ունի ամբողջ աշխարհում՝ քրիստոնեական արմատական արժեքների քարոզչության, մարդու իրավունքների, սոցիալական արդարության, աղքատների ու ճնշվածների իրավունքների անվախ պաշտպանության, սոցիալական ու տնտեսական արատավոր երևույթների, պատերազմների ու բռնությունների դատապարտման ուղղությամբ իր ջանքերի համար: Աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ կան պատերազմական գործություններ և սոցիալական անարդարության դրսևորումներ, մեծ հույսեր են կապում Ֆրանցիսկոս Սրբազան Պապի այցելությունների և անվախ ելույթների հետ:
Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբությունը ի լուր ամբողջ աշխարհի խոսեց Հայոց Ցեղասպանության պատմական փաստի մասին, դատապարտեց Թուրքիայի մերժողական քաղաքականությունը և իր հայրական սերն ու համերաշխությունը հայտնեց ողջ հայ ժողովրդին:
Քահանայապետի այցը Հայաստան և հնարավոր ելույթը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև Արցախում խաղաղության հաստատման գործում, մանավանդ, ի նկատի ունենալով նրա ծրագիրը՝ 2016թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ին այցելելու նաև Վրաստան և Ադրբեջան, ինչպես հայտնել է Սուրբ Աթոռի մամլո գրասենյակը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ