Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ այդ հողերն ազատագրած տղաներն իրավունք չունեն նման հարց բարձրացնելու, ուր մնաց Երևանում նստած մեկը, որը…»

Ապրիլ 21,2016 16:47

Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին զարմացնում ու վիրավորում է, որ ոմանք, այդ թվում նաև որոշ մտավորականներ, խոսում են տարածքների վերադարձի մասին, որպեսզի Արցախի անկախությունն ամրագրվի:

«Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ Հայրենիք»,- հիշելով Սոս Սարգսյանի՝ ադրբեջանցիներին ուղղած խոսքերը՝ Գագիկ Գինոսյանն ընդգծեց, որ մեզ համար տարածք հասկացություն գոյություն չունի: Կա հայրենիք, որը որևէ կերպ վերադարձնելու հարց չպետք է լինի. «Նույնիսկ այդ հողերն ազատագրած տղաներն իրավունք չունեն նման հարց բարձրացնելու, ուր մնաց Երևանում նստած մեկը, որն այստեղից փորձում է վերադարձնել այն, ինչի համար ինքը ոչ միայն արյուն, այլև նույնիսկ քրտինք չի թափել»,- «Ելակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Ազատամարտիկին զայրացնում են այն հայտարարությունները, թե թշնամու ձեռքում են մնացել կարևոր նշանակություն չունեցող մի քանի դիրքեր. «Կարևոր նշանակություն չունեցող դիրքեր չեն լինում: Պատերազմի դաշտում աննշան դիրքեր կամ տարածքներ չկան, և ամենաաննշան դիրքերը նրա համար են, որ կա´մ ազատագրվեն, կա´մ պաշտպանվեն: Առհասարակ, հայրենիքում աննշան ոչինչ չի կարող լինել»,- ընդգծեց Գագիկ Գինոսյանը:

Տեր Եսայի քահանա Արթենյան

Տեր Եսայի քահանա Արթենյան

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանը ևս համոզված է, որ մենք վերադարձնելու տարածքներ չունենք, և այդ հարցը չպետք է անգամ քննարկման առարկա դառնա. «Դա ոչ դիվանագիտական, ոչ էլ քաղաքական խնդիր է, դա ժողովրդի որոշելու հարցն է: Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից և´ հայ զինվորը, և´ համախումբ հայ ժողովուրդն ապացուցեցին, որ ոչ միայն պատրաստ են մինչև վերջ կանգնելու սեփական հայրենիքի պաշտպանության համար, այլև չեն պատրաստվում քննարկել տարածքներ վերադարձնելու տարբերակները»,- նշեց քահանան:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930