Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չոն Ուի Հվայի հետ:
Կողմերը քննարկել են խորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ ծրագրերն ու նախանշել կոնկրետ պայմանավորվածություն՝ ՀՀ ԱԺ-ին Կորեայի խորհրդարանի կողմից սպասվող աջակցության եւ համագործակցության ծրագրի համար: Պարոն Չոն Ուի Հվան Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական խնդիրներով, Հայաստանում կրթության եւ տնտեսության առաջընթացով. հարցերի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ծավալուն եւ սպառիչ տեղեկություններ:
Զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբում սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, Ադրբեջանի գործողություններում նկատված ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ձեռագրի մասին, ինչպես նաեւ ՀՀ-ում կրթության կազմակերպման եւ տնտեսության ներկա վիճակի մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ ՀՀ տնտեսության արագ զարգացման հիմնական խոչընդոտներից է Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ պահելը:
Կարդացեք նաև
Կորեայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել մանրամասն ներկայացված տեղեկությունների համար եւ վստահեցրել, որ Կորեայի խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն